չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ՌԴ-ից ուղիղ թռիչք դեպի ԼՂ. ի՞նչ փուլում է Ստեփանակերտի օդանավակայանի կառուցումը

ՌԴ-ից ուղիղ թռիչք դեպի ԼՂ. ի՞նչ փուլում է Ստեփանակերտի օդանավակայանի կառուցումը

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ռուս խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքների մասին հոդված է հրապարակել, որի շրջանակում զրուցել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:

 

«Ռուսաստանը ապրանքներ է հասցնում Երևան, որտեղից դրանք մեքենայով բերվում են Ստեփանակերտ: Հիմա խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակայան է կառուցվում: Դա արվում է, որպեսզի Ռուսաստանից ինքնաթիռները կարողանան ուղիղ Ղարաբաղ թռչել»,-ասել է Դավիթ Սարգսյանը և հավելել, որ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են «օր ու գիշեր», սակայն դժվար է ավիափոխադրումների բացման կոնկրետ ժամկետ նշել: 

Հարցին՝ ինչպե՞ս կարող է ՌԴ-ն օգնել ԼՂ-ին հետպատերազմյան շրջանում, Դավիթ Սարգսյանը պատասխանել է. «Մեզ միայն խաղաղություն է պետք: Խաղաղություն և կարգավիճակ: Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ կլինի, բայց դեռ մտածում են, թե ինչպիսին կլինի մեր տարածաշրջանի կարգավիճակը»: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

  • Կիսվել: