կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն եռակողմ հայտարարության իրականացմանն առնչվող հարցեր

ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն եռակողմ հայտարարության իրականացմանն առնչվող հարցեր

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան՝ մասնակցելու ռուս-թուրքական համագործակցության խորհրդի շրջանակներում իրականացվելիք միջոցառմանը, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես հաղորդվում է՝ նախատեսվում է, որ նախարարները մանրամասն կքննարկեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարության իրականացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Շեշտը կդրվի հնարավոր ռազմական բախումների ռիսկերը նվազեցնելու և կողմերին հումանիտար օգնություն տրամադրելու վրա:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարի վերահսկողության համատեղ ռուս-թուրքական կենտրոնի գործունեության ծրագրումը: Տվյալ կենտրոնը դիտարկում ենք որպես օժանդակ տարր հետհակամարտային կարգավորման հարցում՝ ի լրումն ռուսական խաղաղապահ առաքելությանն ու այլ միջոցառումներին:

Կենտրոնի առաջադրանքն է, ինչպես հայտնի է, իրավիճակի մոնիթորինգ իրականացնել տեսողական դիտարկման մեթոդներով, մասնավորապես՝ տեղեկությունների հավաքում և խախտումների մասին տվյալների ստուգում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ՛՛:

Նշվում է նաև, որ ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխմամբ:

  • Կիսվել: