հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռազմական հռետորաբանությունը փակուղի է, կարծում եմ՝ նաև ադրբեջանցի մայրերը չեն ուզում, որ իրենց որդիները զոհվեն․ Ռուբեն Վարդանյան

Ռազմական հռետորաբանությունը փակուղի է, կարծում եմ՝ նաև ադրբեջանցի մայրերը չեն ուզում, որ իրենց որդիները զոհվեն․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել միջազգային RTVI հեռուստաալիքին՝ անդրադառնալով օրակարգային մի շարք հարցերի:

Պատասխանելով ռազմական գործողությունների դադարեցման մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ պետք է գիտակցել, որ այս  30 տարվա ընթացքում տարբեր փուլեր են եղել. «Այս իմաստով, եթե մենք ողջ ընթացքում շարունակում ենք ռազմական հռետորաբանությունը, դա փակուղի է, քանի որ  պարբերաբար այս կամ այն երկրում  ի հայտ են գալու դրական  կամ բացասական հանգամանքներ...Եթե Ադրբեջանը նավթ չունենար, եթե Թուրքիան չորոշեր պատերազմում ներգրավվել այն ծավալով, որով  ներգրավված էր, և բազմաթիվ այլ հանգամանքներ... Հիմա մի իրավիճակ է, վաղը ստեղծվելու է մեկ այլ իրավիճակ, և այդպես մենք անվերջ պատերազմելու ենք: Մենք պետք է մտածենք այն մասին, որ այսպես չի կարող  անվերջ շարունակվել: Կարծում եմ՝  նաև  ադրբեջանցի մայրերը չեն ուզում, որ նորից պատերազմ լինի, ու իրենց որդիները զոհվեն»:

Խոսելով Թուրքիայի դերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը  նկատել է, որ Թուրքիան միջնորդ չէ, այն հակամարտության կողմ է, դաշնակից ու դա չի էլ թաքցնում. «Բայց կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ «ես ակտիվ մասնակից եմ», ոչ միայն Հայատանին դուր չի գալիս, այլ նաև Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ բոլորին է դուր գալիս, որ Թուրքիան այսքան ակտիվ և ագրեսիվ միջամտում է Ադրբեջանի ղեկավարության գործունեությանը»։

  • Կիսվել: