հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքացիների օրինապահության և անվտանգության ապահովումն իրականացվում է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով. ՆԳ նախարար

Քաղաքացիների օրինապահության և անվտանգության ապահովումն իրականացվում է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով. ՆԳ նախարար

Ոստիկանության աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Արցախպրես»-ին՝ անդրադառնալով համակարգի գործունեության ներկա առանձնահատկություններին, ձեռքբերումներին ու կատարված աշխատանքին:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

-Պարոն նախարար, ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի այսօր ոստիկանության ծառայությունը, կառույցը որքանո՞վ է կարողանում իրագործել իր առջև դրված խնդիրները։

-Ըստ էության, ինչպես բոլոր կառույցների, այնպես էլ ոստիկանության կատարած աշխատանքի գնահատականը կարծում եմ լավագույնս տալիս է հանրությունը: Սակայն, չեմ կարող չնշել, որ համակարգն իսկապես մեծ աշխատանք է իրականացնում Հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման և բացահայտման ուղղությամբ: Արցախի ոստիկանն իր ծառայությամբ արտահայտում է մեր բոլոր պատկերացումները՝ երկրի ներքին ու արտաքին անվտանգության վերաբերյալ: Առիթը բաց չթողնելով, իմ երախտագիտությունն եմ հայտնում համակարգի բոլոր ստորաբաժանումների ծառայողներին: Նրանք ոչ միայն իրագործում են իրենց պարտավորությունները, այլ ամենօրյա աշխատանքի արդյունք է այն, որ վերջին մեկ տարվա տվյալներով զգալիորեն նվազել է առանձնապես ծանր, ծանր ու միջին ծանրության հանցագործությունների նկարագիրը: Ոստիկանն իր առաքելությամբ հասարակության մեջ արթուն է պահում միտքը, որ Արցախում օրենքը բոլորի համար հավասար է: Սա սկզբունք է, որով առաջնորդվում է Արցախի ՆԳ նախարարությունը:

-Համակարգում այսօր ի՞նչ խնդիրներ կան և ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում դրանց հրատապ լուծման համար։

-Կարծեմ իմ հարցազրույցներից մեկում նշել եմ, որ խնդիրների մասին ոչ թե բարձրաձայնելու փոխարեն գերադասում եմ, դրանք լուծելը: Պատերազմի ժամանակ երբ հրթիռակոծության են ենթարկվել խաղաղ բնակավայրերը, մեծապես տուժել են նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումները: Անցած 2 տարիների ընթացքում ծառայությանը զուգահեռ, մենք ձեռնամուխ ենք եղել վերանորոգել, բարեկարգել, ՆԳՆ ծառայողների համար ստեղծել արդի չափանիշներին համապատասխան պայմաններ: Այս ամենից բացի, նյութատեխնիկական բազայի համալրման և անհրաժեշտ գույքի խնդիր կար, որը դարձյալ լուծվել է և կառավարության միջոցներով և անհատ բարերարների շնորհիվ: Բարեփոխումները սակայն, այսքանով չեն սահմանափակվում: Ինձ համար առաջնայինը նաև Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կադրային սպաների ու ծառայողների մասնագիտական ունակությունների բարձրացմանը միտված քայլերն են, որնց ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում:

-Ո՞րն է Արցախի Հանրապետության ոստիկանության գերխնդիրը։

-Ոստիկանության գերխնդիրը հասարակական կարգի պահպանումն է, բոլոր քաղաքացիների օրինապահության և անվտանգության ապահովումը: Այդ գերխնդիրն իրականացվում է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով: Մենք ապրում ենք Արցախի համար ճակատագրական ժամանակահատվածում, մեր բնակավայրերի մեծ մասն առաջնագիծ է դարձել: Արցախի սահմանամերձ բնակավայրերում, կրթօջախներում ոստիկանությունը պարեկային ծառայություն է իրականացնում, օրը՝ 24 ժամ լինելով քաղաքացու կողքին: Այսինքն, օրենքով վերապահված պարտականություններից բացի, ոստիկանը պատրաստ է ցանկացած իրավիճակում կատարել նույնիսկ ամենաբարդ առաջադրանքը:

-Ի՞նչ քայլեր են կատարվում ոստիկանության գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման ուղղությամբ:

- Նախ նշեմ, որ իր գործառույթներն իրականացնելու համար, ոստիկանությունն առաջնորդվում է օրինականության շրջանակներում և մեծ աշխատանք է կատարում ոստիկանության գործունեության օրենսդրական դաշտի ձևավորման և այդ օրենքները պատշաճ իրագործելու ուղղությամբ: Որպես ոլորտի գլխավոր պատասխանատու, ինձ համար էականը հանցավոր դրսևորումների բացառումն է և պայքարը՝ ներքին անվտանգության ապահովման ուղղությամբ: Մենք փորձում ենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մեր հայրենակիցների խաղաղ կենսագործունեության համար:

-Ի՞նչ կմաղթեք համակարգի ծառայողներին տոն օրվա առթիվ։

-Կցանականամ, որ յուրաքանչյուր ծառայող, որպես իրավապահ կառույցի ներկայացուցիչ, որոշումներ կայացնելիս, առաջնորդվի ընդհանուր արժեհամակարգի պահանջներով ու պատասխանատու լինի իր խղճի առաջ: Անկոտրում պայքար, ուժ ու համբերություն եմ մաղթում բոլորիս ու բարեկեցություն մեր օջախներին:

  • Կիսվել: