Փորձել են մոտենալ Բերձորին, սակայն հետ են շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին
Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։
«Հադրութի հյուսիսային գյուղերում և Ավետարանոցում՝ բնակավայրերին մոտ և անտառներում շարունակվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները», -նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Հովհաննսիյանը նշեց, որ դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո թշնամին փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ այդքան էլ հաջողություն չի ունենում, և ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։
ՊՆ ներկայացուցիչը, հրապարակելով նոր քարտեզ, հատնեց, որ դրանում նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է։
Վերջինս նշեց, որ Որոտան գետի ուղղությամբ ձևավորված ռազմաճակատ կա։ Այսօր էլ փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահամին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել և հաջողության չեն հասել։
«Մեր ստորաբաժանումների հարվածքներից հետո փախչում են, փորձում են այլ ուղղություններ զարգացնել»,- ասաց Հովհաննսիայնը։