հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ինչու են պահեստազորայիններ ուղարկվում առաջնագիծ՝ զորակոչի կրճատման պայմաններում. պարզաբանում է Պապիկյանը

Ինչու են պահեստազորայիններ ուղարկվում առաջնագիծ՝ զորակոչի կրճատման պայմաններում. պարզաբանում է Պապիկյանը

Զորակոչը 1.5 տարի կրճատելու որոշումն այսօր չէ ընդունվել: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա, մասնավորապես, նշել է նման կետ կար իրենց նախընտրական ծրագրում։ Ավելին, իրենք ունեին մեկ այլ կարևոր փաստաթուղթ՝ բանակի վերափոխման հայեցակարգը, որը նույնպես շարադրում էր այս ամենը, և սա պետք է տեղի ունենար հնգամյա ցիկլի ընթացքում։ Իրենք հիմա մոտենում են այդ ցիկլի ավարտին, քանի, որ, բնականաբար, պետք է կատարեն կառավարության ծրագիրն ու խոստումը, սակայն մտադրություն չունեն այդ հարցը դարձնելու ընտրարշավի մաս:

՛՛Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ չենք պատրաստվում պաշտպանվել և ասել՝ այս քայլը որևէ կապ չունի մեր հասարակության առջև ստանձնած պարտավորությունների հետ։ Իհարկե, մենք պետք է կատարենք մեր խոստումները, և եթե սա դրական քայլ է հասարակության համար, հասարակության կողմից ընդունված քայլ, ինչո՞ւ պետք է հրաժարվենք դրանից։

Սա դրական ազդեցություն ունի բանակի վրա, քանի որ կարևոր է, որ բանակը ընդունվի և պահանջված լինի հասարակության կողմից, այլ ոչ թե դառնա բանտ։

Անհրաժեշտ է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը՝ կրճատելով զորակոչիկների թիվը։ Հայկական բանակի միջուկը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից, պայմանագրային զինծառայողներից՛՛,-ասել է Պապիկյանը՝ չհամաձայնվելով բանակի թվաքանակը կրճատելու մտքի հետ։

՛՛Ներկայում ՛՛Հայրենիքի պաշտպան՛՛ ծրագրի շրջանակում բանակում ծառայում է 4217 պայմանագրային զինծառայող՝ նախկին զորակոչիկներից։ Նրանք պարտավորվել են ծառայել բանակում առնվազն հինգ տարի՝ իրենց ծառայության ժամկետը մինչև յոթ և տասը տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Սա կդառնա մեր պրոֆեսիոնալ բանակի հիմքի էական մասը՛՛,-նշել է նախարարը:

Պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե զորակոչի կրճատման պայմաններում պահեստազորայիններ են ուղարկվում առաջնագիծ՝ Պապիկյանը հավելել է.  ՛՛Մենք ունենք 44-օրյա պատերազմի բացասական փորձը, երբ մարդիկ տարիներ շարունակ մարզումներ չեն անցել կամ պահեստազորի հիմնական պարտականություններին չեն տիրապետել։ Երբ ժամանակը եկել է պահեստազորային զորակոչվելու և իրենց պարտականությունները կատարելու, նրանք տեղյակ չեն եղել իրենց տրված խնդիրների մասին և այլն։ 

Մենք հիմա փոխել ենք դա և ձևավորել տարածքային պաշտպանության զորքեր, որտեղ վաշտի հրամանատարից մինչև բրիգադի հրամանատար բոլորը գործող պաշտոնյաներ են։ Նրանք անցնում են 25-օրյա մարզում, ծանոթանում հրամանատարական կազմի հետ, իսկ հրամանատարական կազմը, իր հերթին, ծանոթանում է պահեստազորի զինծառայողների հետ։ Սկզբում նրանք անցնում են տասնօրյա մարզում, ապա, ներդաշնակեցման համար, այս տղամարդիկ անցնում են նաև տասնչորսօրյա մարտական ​​ծառայություն։ Կարծում եմ՝ սա շատ տրամաբանական է, և համարում եմ, որ սխալ է այս երկուսը շփոթելը՛՛:

Նա նաև ասել է, որ սկզբում պահեստազորայիններին ներգրավելու խնդիրներ կային, բայց այսօր հաջողվում է 100 տոկոսանոց արդյունք ապահովել։

Պապիկյանը հավելել է, որ 2025 թվականին հայկական բանակում մահվան դեպքերը զգալիորեն նվազել են։ 

՛՛Ընթացիկ տարվա վերջին տվյալներով՝ բանակում ծառայության հետ կապված մահվան 5 դեպք է գրանցվել։ Զինծառայողներից երկուսը մահացել են հիվանդությունից, մեկը հոսանքահարվել է, մեկը մահացել է կայծակի հարվածից, մեկն էլ ինքնասպանություն է գործել՛՛,- նշել է նա:

Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հունվարի 1-ից զինվորական ծառայության տևողությունը երկուսից մեկուկես տարի դարձնելու մասին:

  • Կիսվել: