երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախն ավելի քան 11,4 մլրդ դրամի չափով աջակցել է բնակչության որոշ կոմունալ վճարների փոխհատուցմանը

Արցախն ավելի քան 11,4 մլրդ դրամի չափով աջակցել է բնակչության որոշ կոմունալ վճարների փոխհատուցմանը

Արցախի Հանրապետության բնակչությանը 2021 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի, գազի, բջջային հեռախոսակապի և ինտերնետ ծառայության վճարների փոխհատուցման համար մոտ 11 միլիարդ 408 մլն դրամի գումարի չափով պետական աջակցություն է ցուցաբերվել։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 30-ին, ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովի նիստում՝ ԱՀ 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդման ընթացքում։

Երկրի ղեկավարը նշել է, որ աշխատանքներ են ընթացել ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման ուղղությամբ։

Մասնավորապես՝ իրականացվել են էլեկտրասնուցման և գազամատակարարման վերականգնման աշխատանքներ, շարունակվել են հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի բաշխիչ ցանցի արդիականացման, գազամատակարարման համակարգի գազատարների և գազասարքավորումների արդիականացման աշխատանքները։ Խմելու ջրի համակարգերի կառուցման աշխատանքներ են մեկնարկել Իվանյան, Խնածախ, Առաջաձոր, Հաթերք, Կոճողոտ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ, Եղցահող, Նորշեն, Ծովատեղ համայնքներում։ Անցած տարվանից է սկսվել նաև նաև Պատարայի ջրամբարի և Ստեփանակերտի խմելու ջրի լրացուցիչ խողովակաշարի կառուցումը:

Ընթացիկ տարում պետությունն աջակցություն կցուցաբերի ջերմատնային տնտեսությունների և այգիների տարածքներում ենթակառուցվածքների կառուցմանն ու վերանորոգմանը։ Իրականացվելիք ծրագրերի ու միջոցառումների շրջանակներում նախատեսվում է աջակցել շուրջ 500 հա այգիների հիմնմանը, շուրջ 60 հեկտար կարկտապաշտպան ցանցերի տեղադրմանը, 7 հեկտար ջերմոցների զարգացմանը և 4 հեկտար նոր ջերմատնային տնտեսությունների հիմնադրմանը:

Ամփոփելով անցած տարվա գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ իր խոսքը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդհանրացրել է՝ 2021 թվականը Հանրապետության համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր:

<<2022-ին ևս միասնաբար ու հետևողականորեն շարունակում ենք Արցախի անվտանգությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքը՝ այդ ճանապարհին կարևորելով յուրաքանչյուրի ջանքն ու ներուժը՝ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում՝ ի շահ Հայրենիքի բարօրության ու բարգավաճման>>,-հավելել է երկրի ղեկավարը:

  • Կիսվել: