շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետական անկախությունը առաջին հերթին հավաքական ու անհատական պատասխանատվություն է տարբեր սուբյեկտների հանդեպ․ Արտակ Բեգլարյան

Պետական անկախությունը առաջին հերթին հավաքական ու անհատական պատասխանատվություն է տարբեր սուբյեկտների հանդեպ․ Արտակ Բեգլարյան

ԱՀ պետնախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ․
 
«Պետական անկախությունը առաջին հերթին հավաքական ու անհատական պատասխանատվություն է տարբեր սուբյեկտների հանդեպ, մասնավորապես՝
 
1. Պատասխանատվություն նախնիների հանդեպ, որ իրենց արյան ու քրտինքի, ջանքի ու զրկանքի գնով ժառանգված արժեքները կպահպանենք, կզարգացնենք ու կժառանգենք հաջորդ սերունդներին.
 
2. Պատասխանատվություն հայրենակիցների հանդեպ, որ ապահովենք իրենց անվտանգությունը, բարեկեցությունը, արժանապատվությունն ու պատշաճ կենսագործունեության համար կարևոր այլ պայմաններ.
 
3. Պատասխանատվություն գալիք սերունդների հանդեպ, որ պահպանենք, զարգացնենք ու փոխանցենք մեր պետական ու ազգային արժեքները և պատշաճ կենսագործունեության համար կարևոր վերոնշյալ պայմանները նրանց.
 
4. Պատասխանատվություն մարդկության հանդեպ, որ կմասնակցենք մարդկային քաղաքակրթության պահպանման ու զարգացման համաշխարհային առաքելությանը՝ համընդհանուր կանոններին համապատասխան:
 
Շնորհավորում եմ համայն հայությանը Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ, մաղթում բոլորիս ուժ և իմաստնություն՝ շարունակելու պետականության պահպանման ու ամրապնդման պատասխանատվության երթը:
 
Հավերժ փառք մեր նահատակներին և կորով սահմանապահ նվիրյալներին»:

  • Կիսվել: