չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պայքարելու ենք, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի մարդկության դեմ իրագործած հանցագործությունների համար. ԱՀ ՄԻՊ

Պայքարելու ենք, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի մարդկության դեմ իրագործած հանցագործությունների համար. ԱՀ ՄԻՊ

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները կրել են զանգվածային և համակարգված բնույթ՝ ներառելով հայ զինվորների և քաղաքացիական անձանց խոշտանգելու, անդամահատելու, գլխատելու, հայ զինծառայողների մարմինների նկատմամբ դիակապտության և միջազգային մարդասիրական իրավունքով արգելված այլ միջոցներ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ մեկնաբանելով, Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման ու սպանության փաստերը:
 
Նրա խոսքով՝ Ադրբեջանի այդ գործելաոճը շարունակվել է նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունից հետո, երբ հիմանականում թիրախ են դարձել ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողներն ու քաղաքացիական անձինք։
 
«Այս բոլոր դեպքերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ մենք հրապարակել ենք 6 փակ զեկույց, որոնք տրամադրվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին։ Քաղաքացիական զոհերի վերաբերյալ մեր հրապարակած զեկույցում ներկայացրել ենք հակիրճ տեղեկատվություն նաև գերության մեջ հայտված անձանց խոշտանգման և սպանության դեպքերի վերաբերյալ։ Պարոն Զեյնալյանի կողմից հրապարակված անձանց տվյալները առկա են նաև մեր կողմից պատրաստված զեկույցում, ընդ որում զեկույցն ունի և՛ փակ, և՛ բաց տարբերակներ։ Փակ տարբերակում ներառված են նաև քաղաքացիական զոհերի խոշտանգված դիակների նկարները, և զեկույցն օգտագործվում է միջազգային դատական ատյաններում ադրբեջանական հանցագործություններն ապացուցելու համար։
 
Այս ուղղությամբ մենք դեռ շարունակում ենք փաստահավաք աշխատանքները և համագործակցում ենք թե՛ միջազգային գործընկեր կառույցների, թե՛ իրավապաշտպան համայնքի հետ։
 
Մենք աշխատում ենք, որ Ադրբեջանի կողմից իրագործված բոլոր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի լինի միջազգային կառույցներին և պայքարելու ենք, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի մարդկության դեմ իրագործած հանցագործությունների համար»,-ավելացրել է Գ. Ստեփանյանը։

  • Կիսվել: