ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Պատերազմից հետո Թրփանճեան ծրագրով Արցախի շրջաններում 10-ից ավելի ձեռնարկատիրական նախագիծ է իրագործվել

Պատերազմից հետո Թրփանճեան ծրագրով Արցախի շրջաններում 10-ից ավելի ձեռնարկատիրական նախագիծ է իրագործվել

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ 44-օրյա պատերազմից հետո 15 բիզնես գաղափար է կյանքի կոչվել Արցախում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Արցախի գրասենյակի մենեջեր Լիլիթ Ղազարյանը:

«Պատերազմից առաջ Արցախում ծրագրի աջակցությամբ բացվել և գործում էր 155 բիզնես, որից 50-ը մնացել է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում: Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի գյուղական բնակավայրերում աջակցություն ենք ցուցաբերել տարբեր բիզնես ծրագրերի իրագործմանը: Մասնավորապես՝ Այգեստան համայնքում բացվել են արագ սննդի, ավտոլվացման կետեր, հացի արտադրամաս, Աստղաշենում՝ հանգստի գոտի, Խնածախում՝ ավտոլվացման կետ, Սոսում՝ թռչնաբուծարան, հացի արտադրամաս, Մարտունի քաղաքում՝ առևտրի կենտրոն, ռեստորան, ավտոաքսեսուարների և ավտոլվացման պարագաների խանութ, մանրածախ առևտրի կենտրոն, ֆոտո ծառայություններ, Նորագյուղում՝ ջերմոց, իսկ առաջիկայում կբացվեն հրուշակեղենի արտադրամաս, համակցված կերերի արտադրություն և վերամշակման կետ, ջերմոց, Մարտակերտ քաղաքում՝ կոսմետոլոգիական ծառայություններ»,- մանրամասնել է Լ. Ղազարյանը: Նրա խոսքով՝ ներկայում ևս ծրագրին դիմողների թիվը չի նվազել:

«Հիմնականում դիմում են առևտրի, գեղեցկության սրահներ, ավտոսպասարկման ու ավտոլվացման կետեր, հանգստի գոտի, հյուրատուն, գրենական պիտույքների, հագուստի խանութներ, ջերմոց, հացի արտադրամաս հիմնելու և մեղվաբուծության ծրագրերով»,-նշել է մեր զրուցակիցը, և հավելել, որ ծրագրին իրենց բիզնես գաղափարներով կարող են հայտ ներկայացնել Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են գործունեություն ծավալել բացառապես շրջկենտրոններում կամ գյուղական բնակավայրերում:

Թրփանճեան ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է այցելել Արցախի գրասենյակ, լրացնել դիմում:

Եթե բիզնես գաղափարն իրատեսական է, ապա գրասենյակից հրավիրում են մասնակցելու մեկ ամիս տևողությամբ դասընթացների ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու կամ դրանք զարգացնելու համար:

Դասընթացն ավարտելուց հետո, մասնակիցը հնարավորություն ունի իր բիզնես ծրագիրը ներկայացնել համապատասխան ժյուրիին, որը ներառում է կոմերցիոն բանկերի վարկային մասնագետներ, գյուղական համայնքների զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ և Թրփանճեան ծրագրի  անձնակազմ:

Լավագույն գնահատականի արժանացած ծրագրերը երաշխավորվում են վարկավորման Թրփանճեան ծրագրի հետ համագործակցող բանկերի միջոցով, 6 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

Բացի այդ, բիզնեսը հիմնադրելուց հետո շահառուն դառնում է Թրփանճեան ծրագրի գործընկերը, ինչը նշանակում է, որ այն մշտապես հետևում է բիզնեսի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում գրասենյակի անձնակազմը տրամադրում է անհրաժեշտ աջակցություն և խորհրդատվություն:

  • Կիսվել: