կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատերազմի հետքերը մայրաքաղաքում վերացնելու համար քաղաքապետարանն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում. Ստեփանակերտի փոխքաղաքապետ

Պատերազմի հետքերը մայրաքաղաքում վերացնելու համար քաղաքապետարանն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում. Ստեփանակերտի փոխքաղաքապետ

Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա բոլոր հիմնարկ կազմակերպություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքները մայրաքաղաքում առկա վթարված կայանները և ավերածությունները վերականգնելու, ինչպես նաև վնասված բնակարաններում գույքագրման աշխատանքներ իրականացնելու համար:

Այս մասին ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սամվել Ղուլյանը:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի կողմից պատերազմի առաջին իսկ օրվանից բնակիչներին տրամադրվում է օգնություն՝ պարենի տեսքով: Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից ծածկոցներ և տաքացուցիչներ են տրամադրվել նաև պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին:

‹‹Մեր առաջնահերթություններից է, որպեսզի մայրաքաղաքը բնականոն հունի մեջ մտնի, և աստիճանաբար վերականգնվեն բոլոր ենթակառուցվածքները: Պատերազմի հետքերը մայրաքաղաքում վերացնելու համար Ստեփանակերտի քաղաքապետարանը, համագործակցելով ‹‹Արցախէներգո››, ‹‹Արցախգազ›› և ‹‹Ջրմուղ Կոյուղի›› ընկերությունների հետ, ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի բնակիչների համար բոլոր ենթակառուցվածքները լինեն հասանելի:

Ստեփանակերտի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության հարցը, սակայն ‹‹Արցախէներգո›› ընկերության ունեցած ռեսուրսներով առաջնահերթությունը տրվում է օդային գծերին››,- մանրամասնել է Ս. Ղուլյանը:

  • Կիսվել: