ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատերազմի հետևանքով վիրավորված ավելի քան 180 քաղաքացու ֆինանսական աջակցություն է տրամադրվել

Պատերազմի հետևանքով վիրավորված ավելի քան 180 քաղաքացու ֆինանսական աջակցություն է տրամադրվել

 Անցած տարվանից ընդլայնվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեցող խմբերի ցանկը, իսկ բուժծառայությունների տրամադրման դեպքերի գերակշիռ մասը կատարվել է պետական ֆինանսավորմամբ:

Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովի նիստում՝ ԱՀ 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդման ժամանակ:

Երկրի ղեկավարն ընդգծեց, որ Կառավարությունը շարունակում է որակյալ, հասանելի, արդյունավետ և թափանցիկ առողջապահական համակարգի ստեղծմանն ուղղված քաղաքականությունը: Առողջապահության ֆինանսավորումը 2021թ. պետբյուջեով կազմել է ավելի քան 12,5 միլիարդ դրամ, որը մոտ 60 տոկոսով գերազանցում է 2020 թվականի մակարդակը /7,8 միլիարդ դրամ/: Հաշվետու ժամանակահատվածում 91,5 միլիոն դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրվել պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած և ամբուլատոր կարգով բուժօգնություն ստացած 183 քաղաքացու։

Շարունակվել է կանանց առողջության պահպանման և ծնելիության խթանման ծրագիրը: Արտամարմնային բեղմնավորման նպատակով 2021 թվականին ՀՀ ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, որի արդյունքում գրանցվել է 25 հղիություն: Արցախի Հանրապետության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 180 զույգ։ Կարևորելով այս ծրագիրը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն նշել է, որ այն շարունակական է, և արդեն իսկ արձանագրել է գոհացուցիչ և ուրախալի արդյունքներ:

  • Կիսվել: