Արցախում պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 309 անձ ճանաչվել է պետաջակցության շահառու
Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 579-Ն որոշման՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի փոփոխությամբ սահմանված կարգի համաձայն ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի, կրած նյութական վնասի չափի և տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցերի լուծման գործառույթները իրականացվում են ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից։
Այս մասին նշել են ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեից՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 21-ին կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու հանձնաժողովի հերթական նիստը։
Հանձնաժողովի նախագահ Վահրամ Ղահրամանյանը ներկայացրել է օրակարգային հարցերը։ Ըստ այդմ՝ քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանության համար զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների, մահացած կամ անհայտ բացակայող քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների՝ թվով 21, 1-ին և 2-րդ կարգի զինհաշմանդամների՝ թվով 14, 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձանց՝ թվով 248 անհատական գործեր, գործերով ներկայացված 309 անձանց՝ ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման, տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։
Քննարկվող անհատական գործերից 283-ի մասով կայացվել է 309 անձանց լրիվությամբ կամ մասնակի Միջոցառման շահառու ճանաչելու որոշում, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասի չափը, սահմանվել է աջակցության չափը։
Քննարկվել են Արցախի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ ունեցող իրավաբանական անձանց՝ թվով 8 անհատական գործեր, ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման, տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։
Թվով 83 անհատական գործերով ներկայացված անձանց շահառու ճանաչելը, վնասի չափի հաստատումը և աջակցության սահմանումը մասամբ մերժվել կամ կասեցվել է՝ իրավահաստատող փաստաթղթերի՝ գործող օրենսդրությանը չհամապատասխանելու հիմքով: Նիստում, բացի օրակարգային հարցերից, քննարկվել են պետական աջակցության տրամադրմանն առնչվող այլ հարցեր։