ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պանթուրքիստական ծրագրերի թիրախը Ռուսաստանն է. Բաբայանը` Թուրքիայի նպատակների մասին

Պանթուրքիստական ծրագրերի թիրախը Ռուսաստանն է. Բաբայանը` Թուրքիայի նպատակների մասին

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ`  նկատելի են ոչ միայն հիբրիդային պատերազմի դրսևորումներ, այլև դասական բախումներ, որովհետև ահաբեկիչների հետ մեկտեղ Թուրքիան ունի ակտիվ ապակայունացնող դերակատարություն և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Միջերկրական ծովի արևելյան շրջաններում։

«Թուրքիայի դերակատարությունը երևում է նաև Բալկաններում, իսկ վերջին ժամանակաշրջանում առանձնակի թատերաբեմ է դարձել Անդրկովկասը։ Այստեղ պետք է քաղաքականությունը բաժանենք երկու մասի. մեկը` ֆորմալ դիվանագիտական կապերն են, որոնց համատեքստում Թուրքիան ունի դիվանագիտական պայքարի հարուստ փորձ և ըստ այդմ փորձում է հակամարտությունները պաշտոնապես կոծկել, քողարկել։ Մյուս հարթությունում Թուրքիայի շահերը բախվում են և՛ Ռուսաստանի, և՛  Իրանի շահերին, երբեմն հակասում են նաև ԱՄՆ–ի ու եվրոպական տարբեր երկրների և Չինաստանի շահերին»,– նշեց ԱՀ արտգործնախարարը։

Բաբայանի կարծիքով`  Թուրքիան իր ագրեսիվ քաղաքականությամբ բախվում է ընդհանրապես քաղաքակիրթ մարդկության շահերին։

Ըստ նրա` ռուս խաղաղապահների առկայությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորագույն գրավականներից է, մինչդեռ Թուրքիան իր քաղաքականությամբ փորձում է խարխլել այդ կայունությունն ու խաղաղությունը. բոլորը տեսան, թե 44-օրյա պատերազմում ինչպիսի դերակատարություն ունեցավ հատկապես Թուրքիան։ 

 

ԱՀ արտգործնախարարի հավաստմամբ` Արցախի լինելիությունն ինքնին թույլ չի տալիս, որպեսզի Թուրքիան իր հանցավոր քաղաքականությունն իրականացնի և մարմնավորի հեռուն գնացող պանթուրքիստական ծրագրերը։ Ըստ նրա` Ռուսաստանը պարտավոր է կանխել պանթուրքիստական ծրագրերը, քանզի կարող են լինել անկանխատեսելի հետևանքներ նաև Ռուսաստանի համար, որովհետև պանթուրքիստական ծրագրերի իրականացման պարագայում առաջնային թիրախը լինելու է հենց Ռուսաստանը։   

  • Կիսվել: