Որքան շատ հայ ապրի Արցախում, այնքան ավելի երաշխավորված կլինեն մեր անվտանգությունն ու ապագան. Արտակ Բեգլարյան
Արցախի պետական համալսարանում այսօր՝ մայիսի 6-ին, "Արցախի ներկան ու ապագան" խորագրով հանդիպումների շրջանակում ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հանդիպել է բուհի ուսանողների և դասախոսների հետ։
«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը բուհի գործունեության 50-ամյակի առթիվ մեդալ է հանձնել Ա. Բեգլարյանին և ընդգծել, որ Ա. Բեգլարյանը մեծ ներդրում է ունեցել բուհի զարգացման գործում։ Նրա ջանքերով բուհում բացվել է իրավաբանական կլինիկա։Այնուհետև բանախոսը ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը՝ նշելով, որ Արցախի երկարաժամկետ՝ կայուն զարգացմանը միտված և անվտանգ ապագա ունենալը լուրջ և առաջնահերթ խնդիր է։
«Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին շատերը վախենում էին գալ Արցախ, ինչն այսօր այլ կերպ է ընկալվում։ Պատերազմից հետո ընտանիքս առաջիններից էր, որ վերադարձավ Արցախ, քանի Արցախի ապագան պայմանավորված է այստեղ ապրելով։ Որքան շատ հայ ապրի Արցախում, այնքան ավելի երաշխավորված կլինի մեր ապագան և անվտանգությունը։ Մենք ունենք երկարաժամկետ անվտանգային անորոշություն։Խաղաղությոյնն ապահովող հիմնական գործոնը ՌԴ խաղաղապահ ուժերն են, որոնք բավականին կենսունակ են։ Եղել են փոքր միջադեպեր, որոնք սպասելի էին՝ հաշվի առնելով երկու հասարակությունների միջև անվստահության մակարդակը, ինչպես նաև Ադրբեջանի հայատյացությունը։ Իմ կարծիքով՝ այս շրջանում լարվածությունը նվազել է։ Ես՝ որպես փորձագետ, այն կարծիքին եմ, որ առաջիկա մի քանի տարվա կտրվածքով կարծես թե տարածաշրջանում սպասելի չէ խոշոր չափով պատերազմ։ Բոլորիս հուզում է այն հարցը, թե 5 տարի հետո ՌԴ խաղաղապահները կլինեն այստեղ, թե ոչ. վերջնականորեն չենք կարող ասել։ Նույնիսկ Ադրբեջանի ցանկությանը հակառակ, կարծում եմ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ռուս խաղաղապահները մնալու են Արցախում։ Մեզ համար շատ կարևոր է կայուն և երկարաժամկետ անվտանգության ապահովումը, որպեսզի կարողանանք հասնել մեր համազգային նպատակներին։ Եթե խելացի մտածենք, ապա տասնամյակներ հետո կարողանալու ենք վերականգնել մեր կորսված հայրենիքի մեծ մասը», - մասնավորապես ավելացրել է Ա. Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է կարգավորել երկրի զարգացման հիմքերի, մարդկանց եկամուտի աղբյուր գտնելու, ինստիտուցիոնալ կարիքների մասին հոգալու, բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցերը։Այդ համատեքստում շատ կարևոր է նաև տնտեսության զարգացումը։
Ըստ Ա.Բեգլարյանի՝ պետական կառավարման համակարգում պատրաստ և գիտելիքներով զինված մասնագետներ են անհրաժեշտ։ Հարցի լուծման առումով փորձելու են նաև դրսից ներգրավել տարբեր ոլորտների համապատասխան մասնագետների։
Հանդիպման վերջում Ա. Բեգլարյանը պատասխանել է ներկաների հարցերին։