ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նվիրումը` անմահություն... Տիգրան Ավանեսյան

Նվիրումը` անմահություն... Տիգրան Ավանեսյան

Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս քաջի մահով ընկան բազմաթիվ հայորդիներ։ Նրանցից է Տիգրան Ավանեսյանը։

Տիգրան Գարիի Ավանեսյանը ծնվել է 1987 թվականի փետրվարի 7-ին, քաղաքամայր Ստեփանակերտում։

1994-ին ընդունվել և 2004-ին ավարտել է Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան N 8 միջնակարգ դպրոցը։

2005-2007 թթ. ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։

2004 թվականին ընդունվել և 2010թ. ավարտել է ԱրՊՀ «Ճարտարագիտություն» ֆակուլտետի «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» բաժինը, իսկ 2018թ. ավարտել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» բաժինը՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի աստիճան։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմին։

2007թվականի հունվարի 12-ից մինչեւ 2008թվականի հունվարի 6-ը աշխատել է «Օլիմպ-պլյուս» ՍՊԸ-ում` որպես գլխավոր հաշվապահ, այնուհետև՝ որպես տնօրեն։

Եղել է Ստեփանակերտի օդանավակայանի նախագծահետախուզական խմբի ստորաբաժանումում՝ որպես աերոդրոմների հսկումների նախագծման ինժեներ, իսկ հետո՝ շինարարական վերանորոգման ծառայության պետ։

Մինչ 44-օրյա պատերազմը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգողի օգնականն էր։

2020թ. սեպտեմբերի 27-ին` թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հաջորդ օրը, հերոսը մեկնել է ռազմաճակատ։ Կռվել է Կարախամբելլիի հատվածում։ Տիգրանն անմահացել է սեպտեմբերի 30-ին` ԱԹՍ-ի արձակած կասետային ռումբի բեկորից։ Ամուսնացած էր ,ունի 2 որդի։

«Տիգրանն այն լավագույններից էր, ով պատվով անցավ իր խորիմաստ կյանքի կարճ ուղին` և՛ որպես հոգատար որդի, և՛ որպես հավատարիմ, նվիրված ամուսին, և՛ որպես սիրող հայր։ Նրա ազնիվ, բարի, եռանդուն, մարդամոտ, կենսասեր, բազմաշնորհ էության կորուստը փլուզեց մեր օջախի ամուր սյունը»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հերոսի այրին՝ Օքսաննա Մովսիսյանը։ Հայրենիքի նվիրյալ Տիգրան Ավանեսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

  • Կիսվել: