ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նվիրումը՝ անմահություն… Մհեր Բաղդասարյան

Նվիրումը՝ անմահություն… Մհեր Բաղդասարյան

Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենի հողը պաշտպանելիս քաջի մահով ընկան ազգի բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է Մհեր Բաղդասարյանը:

 Մհեր Տիմոֆեյի Բաղդասարյանը ծնվել է 1975թվականի հուլիսի 27-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավագ եղբոր` Մխիթար Բաղդասարյանի զոհվելուց հետո, ինքնակամ համալրել է Արշավիր Ղարամյանի գումարտակի շարքերը և մեկնել ռազմաճակատ։ Մասնակցել է Օմարի, Քարվաճառի, Ակնայի և շրջակա գյուղերի, Տիգրանակերտի և Ֆիզուլիի ազատագրմանը։ 1993-1996 թվականներին ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ Մհեր Բաղդասարյանը եղել է վետերանների միության անդամ, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 1999թ. ամուսնացել, հաստատվել է ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։ 2016թ. ակտիվորեն մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։

«2020թ. Սեպտեմբերի 27-ին` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը սկսվելուն պես, հայրս կրկին կամավորագրվել է և մեկնել դիրքեր։Եղել է Շուրաբադի տարածքում,այնուհետև ինքնակամ մեկնել Հադրութի շրջան: Թշնամու դեմ պայքար է մղել Մարտունու շրջանի Զարդարաշեն համայնքի մերձակայքում, որտեղ իրենց ջոկատն ընկել է շրջափակման մեջ.տեղանքին ծանոթ լինելով՝ կարողացել են դուրս գալ շրջափակումից։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ավետարանոցի մերձակայքում տեղի ունեցած ռազմական գործողություններին։ Երկու օր տևած թեժ մարտերից հետո՝ հոկտեմբերի 25-ին, «Ծկոռե» կոչվող տեղամասում ընկել է հերոսի մահով»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է դուստրը՝ Իլոնան: Հերոսի հուղարկավորությունը տեղի է ունեցել զոհվելուց մեկ ամիս անց՝ նոյեմբերի 24-ին, Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

ԱՀ նախագահի հրամանագրով` Մհեր Բաղդասարյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

  • Կիսվել: