շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
«Մինչև Արցախի հարցը չլուծվի, ես ոչ մի տեղ չեմ գնա»․ Ռուբեն Վարդանյանը՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին և հանձնաժողովների նախագահներին

«Մինչև Արցախի հարցը չլուծվի, ես ոչ մի տեղ չեմ գնա»․ Ռուբեն Վարդանյանը՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին և հանձնաժողովների նախագահներին

Սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ ընդունել է բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության բաժնից։
 
Խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ողջունել է Վարդանյանի՝ Արցախի քաղաքացիություն ստանալու, Արցախում բնակություն հաստատելու մասին որոշումը և հույս հայտնել, որ այդ կարևոր քայլով կարդարացնի բազում արցախցիների սպասելիքները։
 
Իր հերթին Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, բարձր գնահատել օրենսդիր մարմնի՝ հետպատերազմյան և առանձնապես ստեղծված ծանր պայմաններում ծավալած գործունեությունը։
 
«Արցախի ապագայի հարցը միայն Արցախում ապրողների խնդիրը չէ, այլ համայն հայության»,-նշել է Ռուբեն Վարդանյանը և վստահեցրել, որ պատրաստ է բոլոր հնարավորություններն ու ներուժը օգտագործել ի նպաստ Արցախի։
 
Խոսելով առկա մարտահրավերներից՝ բարերար Վարդանյանը առաջ է քաշել Արցախ այցելելու 3 հիմնական նպատակների տեսլականը՝միտված Արցախի կարգավիճակի, անվտանգության և սոցիալ- տնտեսական զարգացմանը։
 
Անչափ կարևորել է ոչ միայն ռազմական, այլ նաև տեղեկատվական անվտանգութան ապահովման հարցը։
«Մինչև Արցախի հարցը չլուծվի, ես ոչ մի տեղ չեմ գնա», - իր խոսքն այսպես է ընդհանրացրել բարերար Վարդանյանը։
 
Խորհրդարանականները ողջունել են Արցախի և հայոց աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում Ռուբեն Վարդանյանի կայացրած որոշումը և փոխգործակցության պատրաստակամություն հայտնել։
 
Երկուստեք կարևորվել է համախմբվածությունը հստակ նպատակի ու խնդրի շուրջ։

  • Կիսվել: