Միջազգային հանրությունը պետք է գործնական քայլեր ձեռնարկի ցեղասպան Ադրբեջանի դեմ. Ստեփանակերտում տեղի է ունեցել բողոքի ակցիա
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 16-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարի հարակից տարածքում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ ՝ միջոցառմանը մասնակցում էին մայրաքաղաքի դպրոցների աշակերտներ, համալսարանների ուսանողներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ովքեր ակցիային մասնակցում էին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած հայկական պատմական հուշարձանների պղծմանն ու ոչնչացմանը վերաբերող դատապարտող պաստառներով: Նախաձեռնությանը ներկա էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:


Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը միջոցառումը սկսել է աղոթքով, որից հետո հանդես է եկել ելույթով:
Նա նշել է, որ արցախցիները հերթական անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում բարբարոսությունների ու անարդարությունների, մարդկության դեմ շարունակաբար գործող հանցագործությունների դեմ:
«Մենք գիտենք, որ, ցավոք սրտի, կատարվածը մեր պատմության մեջ նորություն չէ: Ադրբեջան կոչվող պետությունն, իր սկզբնավորման առաջին օրերից սկսած, զավթողական նկրտումներ ի հայտ բերեց բուն հայկական երկրամասերի նկատմամբ, իսկ կիզակետում Արցախն էր: Այս երկիրը յուրացնելու և սեփականացնելու երկու հիմնական խոչընդոտները , բնականաբար, այստեղ դարերով ապրող հայ ժողովուրդը և հայ առաքելական եկեղեցու բազմադարյան մշակութային կոթողներն են: Ըստ էության, այս երկու ուղղությամբ էլ սկսվեց և առայսօր շարունակվում է ցեղասպանությունը՝ և՛ հայ ժողովրդին բնաջնջելու , և՛ հայ հոգևոր մշակութային կոթողները ոչնչացնելու ցեղասպան քաղաքականությունը: Այս գործընթացն անփոփոխ է՝ ինչպես մուսավաթական, այնպես էլ խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանի, ավելին՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ընդդեմ հայության իրականացվող: Վերջին պատերազմական գործողությունների ընթացքում ամբողջ աշխարհի առաջ ռազմական գործողութունների ընթացքում և դրա դադարեցումից հետո շարունակվում են բարբարոսաբար ավերվել հայ ժողովրդի տաճարները, վանքերը, խաչքարերը և բազմաթիվ սրբավայրեր»,- մասնավորապես ավելացրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը:


Ակցիային մասնակից ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասել է, որ մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են և պետք է դատապարտվեն քաղաքակիրթ աշխարհի կողմից:
Գ. Ստեփանյանն իր ելույթում ընդգծել է. «Նույնը կատարվել է 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում:
Գործել է նույն ֆաշիստական գործելաոճը: 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանը նպատակային թիրախավորել է Արցախի տարածքում հայ ժողովրդի կարևորագույն հոգևոր և մշակութային արժեքները, ինչպիսիք են Շուշիի Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Տիգրանակերտի հնավայրը և այլ շատ հնավայրեր: Սա կատարվել է միտումնավոր և հրապարակային կերպով՝ առավել մեծ տառապանք պատճառելու հայ հանրությանը: Ադրբեջանը պետք է պատասխանատվւթյան ենթարկվի այս ամենի համար: Այն, որ միջազգային հանրության կողմից կա գիտակցում, որ Ադրբեջանն իրականացրել է ռազմական հանցագործություններ, միանշանակ է։ Այդ են վկայում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցները, այդ զեկույցներում փաստագրված ողջ եղելությունը, ինչպես նաև անհատ քաղաքական գործիչների կողմից հնչեցվող հայտարարությունները: Սակայն, ցավալիորեն նշեմ, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը թաղված է քաղաքական շղարշի տակ»:


ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանն էլ, անդրադառնալով թեմային, ասել է, որ գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը բազմադարյան իր կենսագրությունը կերտել է՝ հաղթահարելով բազում զրկանքներ, որոնք շատ անգամ առեղծված են թվում:
«Ինչպե՞ս ենք կարողացել դիմանալ այդպիսի դաժան հարվածներին։ Հաղթահարել ենք, որովհետև դիմադրել ենք հանուն մեր ազգային անաղարտ կերպարի, դիմադրել ենք հանուն մեր նախնիների մեզ ժառանգած հայրենիքի: Պատմության դժնդակ հարվածների տակ մենք նաև ունեցել ենք կորուստներ, մաս-մաս կորցրել ենք մեր հայրենիքի մեծագույն մասը: Այդ հայրենիքում, որ մեր նախնիների տքնանքով ու արարումով է ներծծված, այսօր թուրքն է: Այդ հայրենիքում, որտեղ թուրքն է, հայի գտնվելը թերևս բացառված է, բացառված է նաև նրա ստեղծած մշակութային ժառանգության պահպանությունը։ Ռմբակոծվեցին մեր հրաշակերտ հուշակոթողները, կրաշաղախ այդ ամրակուռ պատերը, թվում էր, ի զորու չեն լինելու դիմակայել գերժմանակակից այդ ռումբերին, բայց դիմակայել են: Այսօր մեր եկեղեցիներն իրենց սաստող հայացքով նայում են աշխարհին, սաստում են միջազգային կազմակերպություններին ու հավաստում՝ եկել է ժամը չբավարարվելու միայն հայտարարություններով, այլ գործնական քայլեր ձեռնարկելու»,- իր խոսքում ավելացրել է պատմաբանը:

Ադրբեջանի վայրագ քաղաքականությունն ու ցեղասպան ծրագիրը դատապարտող ելույթներով հանդես են եկել նաև Արցախի պետական համալսարանի ուսանողները։

