շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք պետք է պահպանենք Արցախի ժողովրդի հետ վերադառնալու իրավունքը. Արմեն Ռուստամյան

Մենք պետք է պահպանենք Արցախի ժողովրդի հետ վերադառնալու իրավունքը. Արմեն Ռուստամյան

Մենք պետք է պահպանենք Արցախի ժողովրդի հետ վերադառնալու իրավունքը. Այդ իրավունքը հստակ գոյություն ունի այն փաստից սկսած, երբ արձանագրվել է, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, որը ցեղասպանական արարք է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Որպես փոխհատուցում այդ ամենի Արցախի ժողովուրդը իրավունք ունի վերադառնալ: Այդպիսի փաստեր, օրինակներ կան: Կիպրոսում կա այդպիսի օրինակ, այնտեղ մի ամբողջ քաղաք դատարկ է մնացել, որովհետեւ ապացուցել են, որ այնտեղ տեղի է ունեցել էթնիկ զտման քաղաքականությամբ տեղահանում: Թույլ չեն տալիս, որ այնտեղ վերաբնակեցնեն Կիպրոսի թուրքերով: Իրավական առումով մենք այդ հիմքերն ունենք, պարզապես պետք է Արցախի սուբյեկտայնությունը պահպանվի: Այ սա է, որ այս իշխանությունները չեն ուզում անել:

Իրենք վտանգ են տեսնում, որ արցախահայությունը որպես ժողովուրդ, սուբյեկտ մնա եւ դառնա գործոն: Այդ գործոն լինելը վտանգ է սպառնում  նաեւ այսօր գործող իշխանությունների համար:

Բնականաբար, իր իրավունքների, անվտանգության մասին, իր վերադարձի խնդիրների մասին խոսելու առաջնահերթ իրավունք ունի հենց Արցախի ժողովուրդը, նրա առաջնային մանդատով օժտված խորհրդարանը եւ նախագահը»,-ասաց Ռուստամյանը:

  • Կիսվել: