Մենք պատրաստ ենք աջակցելու մեր հայրենակիցներին մեր ընդհանուր Հայրենիքի պաշտպանությանն ուղղված նրանց գործողություններում. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի թվիթերյան գրառման մեջ անդրադարձել է հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպին:
Նախագահի թվիթերյան գրառումը՝ ստորև.
«Իմ խորին մտահոգությունն եմ հայտնում հուլիսի 12-13-ին Տավուշի մարզի ուղղությամբ ՀՀ պետական սահմանն Ադրբեջանի կողմից խախտելու փորձերի և հրետանու կիրառմամբ հարձակումների առթիվ:
Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի գործելակերպն իրավիճակը դիտավորությամբ լարելու և լարվածության աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ։
ՀՀ պետական սահմանին այդ սադրիչ գործողությունները և ռազմատենչ հռետորաբանությամբ ուղեկցվող ընդհանուր լարված իրավիճակն ավելի են խորացնում հակամարտության կողմերի միջև անվստահությունը և լուրջ վտանգ են հանդիսանում հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման համար:
Մենք պատրաստ ենք աջակցելու մեր հայրենակիցներին մեր ընդհանուր Հայրենիքի պաշտպանությանն ուղղված նրանց գործողություններում:
Ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդրումը հակամարտության կարգավորման գործընթացի անհրաժեշտ պայման է: Ադրբեջանը ոչ միայն հակադրվում է այդ մեխանիզմների ներդրմանը, այլև ավելի է սրում իրավիճակը: Ուստի, իրավիճակի հետագա սրման և տարածաշրջանային ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»: