երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք պարբերաբար հանդիպումներ ունենում ենք ՀՀ կառավարության հետ. ԱՀ պետնախարար

Մենք պարբերաբար հանդիպումներ ունենում ենք ՀՀ կառավարության հետ. ԱՀ պետնախարար

Մենք պարբերաբար հանդիպումներ ունենում ենք ՀՀ կառավարության հետ, բարձրաձայնում, քննարկում, առաջարկություններ ներկայացնում այն խնդիրների մասով, որոնք  այս ժամանակահատվածում առաջացել են մեր հայրենակիցների մոտ: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԱՀ պետնախարար Արթուր Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հարցերը բազմապիսի են, վերաբերում են բոլոր ոլորտներին՝ սոցիալական, կրթական, տնտեսական եւ մնացած բոլոր ոլորտներում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, փորձում ենք ապահովել կոմունիկացիան մեր հայրենակիցների եւ ՀՀ կառավարության կողմից ավելի արդյունավետ իրականացնելու համար»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարության պաշտոնյաները ներգրավվա՞ծ են Հայաստանի կառավարությունում գոնե խորհրդատվական աշխատանքներում՝ Հարությունյանն ասաց, որ այս պահին որեւէ տեղեկություն չունի դրա վերաբերյալ:

Նա անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց՝ հիմնադրամներից արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվել պաշտոնյաներին, կամ պետությունը գնել է որոշ պաշտոնյաների գույքը: Այս առնչությամբ Հարությունյանն ասաց, որ այդ տեղեկությունները կեղծ են, իրենք անդրադարձել են դրանց եւ հերքել:

«Մենք նույնիսկ հաշվետվություն ենք ներկայացրել, այսինքն չկա որեւէ իրականացված ծախս, որը չի համապատասխանում օրենսդրությանը: Այդ տեղեկությունները շատ հեշտ ստուգվող տեղեկություններ են, ամբողջությամբ դրանք եւ բազաներում պետք է երեւան եւ բանկային հաշիվներում: Մենք նաեւ հորդորել ենք, որ եթե կան նման տեղեկություններ, թող ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգի այդ տեղեկությունը, եւ եթե լինի որեւէ խախտում, թող օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն»,-նշեց նա:

  • Կիսվել: