Մեկնարկել է «Երկարօրյա դպրոց»-ի մասնագետների վերապատրաստման դասընթացը
Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ստեփանակերտում մեկնարկել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ընդունված Արցախի Հանրապետության «Երկարօրյա դպրոց» ռազմավարական ծրագրում ներգրավված մասնագետների վերապատրաստման դասընթացը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն նախատեսվում է կազմակերպել երկու փուլով: Առաջին փուլին մասնակցում են Սոս, Թաղավարդ, Պատարա, Չափար, Եղծահող, Հաթերք և Խրամորթ համայնքների ուսուցիչները, ինչպես նաև տնօրեններն ու փոխտնօրենները, ովքեր համակարգելու են ողջ գործընթացը:
««Երկարօրյա դպրոց» ծրագրում ներգրավված են Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանի սահմանամերձ համայքները: Սեպտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության տասնչորս դպրոցներում կսկսվի մի յուրահատուկ ծրագիր, որը նախատեսում է բարելավել դասապատրաստումը, ապահովել կրթության որակը, աշակերտների առողջ սնունդը: Այս ծրագրով նախատեսվում է կրթության համակարգի արդարության վերականգնում, քանի որ ծնողներ կան, ովքեր ժամանակ չեն ունենում մասնակցել երեխաների դասապատրաստման գործընթացին։ Բոլոր դպրոցներում մենք կատարում ենք դասասենյակների արդիականացման, կահավորման աշխատանքներ, որոնք ֆինանսավորվում են Սփյուռքի համայնքների կողմից:
Ծրագրի մեջ ներգրավված համայնքներում ժամանցի, սպորտի, մշակութային բոլոր միջոցառումները կհամակարգվեն երկարօրյա դպրոցի կողմից»,- մեզ հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի Կրթության գծով խորհրդական Վահրամ Սողոմոնյանը և հավաստիացրեց, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ծրագիրը պսակվի հաջողությամբ:

