չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Ստեփանակերտում Արցախի Հանրապետության օրվան նվիրված երթ և հանրահավաք է կայացել

Ստեփանակերտում Արցախի Հանրապետության օրվան նվիրված երթ և հանրահավաք է կայացել

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում կազմակերպվել է երթ, ապա նաև հանրանավաք նվիրված Արցախի Հանրապետության 31-րդ տարեդարձին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտի Ազատության հրապարակից երթով քայլել են դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կայացել է հանրահավաքը:

Միջոցառումը բացվեց Արցախի Հանրապետության պետական օրհներգով:

Օրհնության խոսք ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը : «Արդարությունը բարձրացնում է ազգին, բայց մեղքը ժողովուրդներ է կործանում. Աստվածաշնչից հետևյալ տողերն են գալիս մեր մտքին, երբ Արցախի անկախության վերարժեվորման այս պահին մտորում ենք մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի մասին: Անկախությունն աստվածային շնորհ է, որն ամենաառաջնային և կենսական պահանջն է ազգի արժանապատիվ և ստեղծագործ կյանքով ապրելու համար: Կատարյալ աշխարհում իրավունքն է ուժի աղբյուրը, բայց, ցավոք, անցյալը վաղուց է կորցրել իր կատարելությունը և այսօր ուժն է ծնում իրավունք: Ուստի մենք տիպված ենք ուժով պաաշտպանել մեր աստվածատուր իրավունքներն ու ազատությունը»,- մասնավորապես ասել է գերաշնորհ հայրը:

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշեց, որ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության ծննդյան օրն է : «Սեպտեմբերի 2-ը մենք տոնում էինք մինչև 2020 թվականը, ինչը բնական է մեր ունեցած մեծաթիվ կորուստներից հետո: Մենք պարտավոր ենք հիշել այս օրը և երբ ժամանակը գա՝ նաև տոնել, որովհետև Արցախի պայծառ ապագայի համար իրենց կյանքն են նվիրաբերել մեր ազգի սերուցքի հազարավոր ներկայացուցիչներ՝ լմեր լավագույն քույրերն ու եղբայրները»,- նշել է Դ. Բաբայանը՝ կարևորելով օրվա խորհուրդը, քանի որ 31- տարի առաջ սեպտեմբերի 2-ն Արցախում շրջադարձային նշանակություն ունեցավ:

ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Մոսյանը խոսքով՝ 1988-ի հաղթական պայքարից մինչև 1991 թվականի սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրն ու հաջորդած տարիները համազգային զարթոնքի, միասնության ժամանակահատված էին: «Արցախը դարձել էր համայն հայության գուրգուրանքի, հպարտության, արժանապատվության և սիրո խորհրդանիշը: Այդ օրերին դրվեց Արցախ- Հայաստան-Սփյուռք եռամիասնության հիմքը, ուժեղ եռամիասնության»,- վերհիշեց ԱԺ պատգամավորը՝ անդրադառնալով նաև Արցախի առջև ներկայում ծառացած առաջնային խնդիրներին ՝ անվտանգային, միջազգային կարգավիճակի, պատերազմի բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելուն և հայրենադարձությանը:

Արցախի Հանրապետության 31-րդ տարեդարձին նվիրված հանրահավաքի ընթացքում ներկայացվել են նաև աշխարհի մի շարք երկրների տասնյակ քաղաքական գործիչների շնորհավորական ուղերձները Արցախի իշխանություններին ու ժողովրդին:

 

  • Կիսվել: