չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մարտունու շրջանային բուժմիավորումը բժիշկների կարիք ունի

Մարտունու շրջանային բուժմիավորումը բժիշկների կարիք ունի

ԱՀ առողջապահության նախարարության ու «Առաջադեմ բժշկություն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով մեկնարկում է «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Ռուբեն Բաղդասարյանն ասել է, որ օրերս հիվանդանոցը ժամանակավորապես համալրվել է Հայաստանից ժամանած երկու բժիշկ-մասնագետներով՝ էնդոկրինոլոգ և նյարդաբան:

Ըստ Ռ. Բաղդասարյանի՝ էնդոկրինոլոգը տեղում կաշխատի 2 շաբաթ, որից հետո նրան 1 ամսով այլ բժիշկ կփոխարինի, իսկ նյարդաբանը բուժծառայությունը կիրականացնի մեկ ամսով:

Խոսելով մասնագետների պակասի մասին՝ բուժմիավորման տնօրենը տեղեկացրել է, որ հիվանդանոցում առաջնահերթ կարիք ունեն գինեկոլոգի, անեսթեզիոլոգի և ռենտգենոլոգի: «Մինչև պատերազմը հիվանդանոցում ունեինք գինեկոլոգ, սակայն պատերազմից հետո մասնագետը տեղափոխվել է Հայաստան, իսկ մյուս երկու մասնագետների կարիքը մինչ պատերազմն էլ ունեինք: Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում Մարտունու բուժմիավորման շենքը ևս վնասվել է, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անմիջական աջակցությամբ այն ամբողջովին վերականգնվել է: Տեխնիկայի պակաս գրեթե չունենք: Հիվանդանոցը շարունակում է շուրջօրյա աշխատանք իրականացնել: Ի դեպ, շաբաթը մեկ անգամ բուժմիավորման մեկ խումբ մեկնում է շրջանի որևէ գյուղ և տեղում իրականացնում բուժծառայություն: Պատերազմից հետո հիվանդանոց դիմողների թիվն էապես աճել է. գանգատները տարբեր են»,- մասնավորապես ասել է Ռ. Բաղդասարյանը:

  • Կիսվել: