հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԼՂ-ում մարդ չի մնացել, գուցե 1000-1500 հոգի. Պուտին

ԼՂ-ում մարդ չի մնացել, գուցե 1000-1500 հոգի. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի հանդիպման շրջանակում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Նա անդրադարձել է հակամարտության պատմությանը, բանակցային գործընթացին, նշել, թե 15 տարի շարունակ հայ գործընկերներին առաջարկել են փոխզիջման գնալ, Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող հինգ շրջանները, երկուսը պահել, այդպիսով պահպանել Հայաստանի և Ղարաբաղի միջև տարածքային կապը, բայց նրանք մերժել են՝ նշելով, որ դա որոշակի սպառնալիքներ կստեղծի:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մեղավորությունը Պուտինը փորձել է բարդել հայկական կողմի վրա` նշելով, թե պաշտոնական Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը իրավիճակը փոխել է: Նա, սակայն, չի անդրադարձել 44-օրյա պատերազմից հետո իր իսկ կողմից արված երկու հայտարարություններին, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի անքակտելի մաս են:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը` Պուտինը նշել է, որ դա տեղի է ունեցել միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ադրբեջանական կողմը հրաժարվել է ստորագրել մանդատը, ուստի ռուս խաղաղապահները տեղում միայն հրադադարի պահպանման ռեժիմը դիտարկելու իրավունք ունեին, և ոչ ավելին:

«Մենք անում էինք այն, ինչ կարող էինք իրավական առումով, որպեսզի ապահովենք հումանիտար բաղադրիչը: Ինչպես գիտեք, այնտեղ զոհեր ունեցանք՝ պաշտպանելով Ղարաբաղի հայերին: Հումանիտար, բժշկական օգնություն էինք ցուցաբերում, ապահովում էինք նրանց դուրս գալը: Չէ՞ որ բոլոր փախստականները մեր կենտրոն եկան, մեր խաղաղապահների պաշտպանության տակ էին հազարավոր մարդիկ»,- ասել է Պուտինը:

Նա հայտնել է նաև, որ հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, որը խոստացել է, որ կապահովի Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը:

«Սակայն բոլորը գնացել են, այնտեղ մարդ չի մնացել, գուցե 1000-1500 հոգի»,- արձանագրել է Պուտինը:

Անդրադառնալով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանը՝ նա կարծիք է հայտնել, թե Ադրբեջանի ղեկավարությունն այդ հարցում կառաջնորդվի մարդասիրական նկատառումներով:

  • Կիսվել: