կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ԼՂ կարգավորման հարցում ՀՀ-ն պիտի հստակ հայեցակարգ ունենա. Մանոյան

ԼՂ կարգավորման հարցում ՀՀ-ն պիտի հստակ հայեցակարգ ունենա. Մանոյան

ՀՀ իշխանություններն Արցախյան հարցի կարգավորման գծով պիտի ոււնենան հստակ հայեցակարգ և իմանան իրենց անելիքները: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ Բրատիսլավայի հանդիպումները ցույց տվեցին, որ այսօր ԼՂ կարգավորման վերաբերյալ կան երեք հիմնական տեսակետներ: Դրանցից մեկը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պնդումն է, այն է՝ ԼՂ խնդիրը պիտի կարգավորվի մադրիդյան սկզբունքների համաձայն: Մյուսը Ադրբեջանի դիրքորոշումն է, որը նա ներկայացրեց Բրատիսլավայում ՀՀ և իրենց ԱԳ նախարարների հանդիպումից անմիջապես առաջ, և երրորդը ՀՀ-ի մոտեցումներն են:

Մանոյանի խոսքով՝ ՀՀ-ի մոտեցումներում բացակայում է ընդհանուր հայեցակարգը, թե ինչպես է Հայաստանը ցանկանում տեսնել ԼՂ հիմնախնդրի լուծումը: Ըստ նրա՝ մեկ հարցի շուրջ երեք տարբեր մոտեցումները կարող են գործընթացն արագ կերպով փակուղի մտցնել: Այս առնչությամբ նա ընդգծեց, որ կարևոր է, որ Հայաստանը սկսի աջակցել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

Ըստ բանախոսի՝ անհրաժեշտ է նաև, որ ՀՀ-ի ու Արցախի միջև ստորագրվի ռազմաքաղաքական պայմանագիր, համաձայն որի՝ Հայաստանը կկարողանա պաշտպանել Արցախի շահերը, բայց ոչ փոխարինել Արցախին:

 

  • Կիսվել: