ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԼՂ-ից ՀՀ տեղափոխվածներից 92 քաղաքացի շարունակում է բուժումը. 11-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ ծայրահեղ ծանր

ԼՂ-ից ՀՀ տեղափոխվածներից 92 քաղաքացի շարունակում է բուժումը. 11-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ ծայրահեղ ծանր

Ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ԼՂ-ից ՀՀ տեղափոխվածներից 92 քաղաքացի բուժում է ստանում տարբեր բուժհաստատություններում, որից 11-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 3-ինը՝ ծայրահեղ ծանր: 19 պացիենտ շարունակում է բուժումն արտասահմանում, նրանց մոտ նկատվում է առողջական վիճակի դրական դինամիկա: Այդ մասին Հումանիտար կենտրոնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Վերջին շաբաթների ընթացքում 150-ից ավելի բուժառու է դուրս գրվել հիվանդանոցներից և իրենց բուժումը շարունակում են ամբուլատոր օղակում:

ԼՂ-ից տարհանված ընտանիքներում ծնվել է 150 երեխա:

ԼՂ-ից բռնի տեղահանված 57 200 անձ արդեն իսկ կցագրվել է թե՛ քաղաքային պոլիկլինիկաներում, թե՛ գյուղական ամբուլատորիաներում:

Բուժկենտրոններում աշխատանքի է անցել 100 բուժաշխատող: 676 բուժաշխատող պետպատվերի շրջանակներում մասնագիտական զարգացման կրեդիտավորման է ուղարկվել:

Ինչ վերաբերում է ՀՀ մարզային բուժհաստատություններում աշխատանքի անցնելու ցանկություն ունեցողներին, ապա նախարարի տեղակալը տեղեկացրեց. «Առողջապահության նախարարության ուղղորդմամբ մարզային բուժհաստատութուններում առկա թափուր հաստիք զբաղեցնելու դեպքում, ի հավելումն սահմանված աշխատավարձի, մեր հայրենակիցներին կտրամադրվի նվազագույն ամսական աշխատավարձի մասով ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկ չափով աջակցություն մինչև 6 ամիս ժամկետով»:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 060808003 հեռախոսահամարով:

  • Կիսվել: