Հնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդ
Հնդկաստանի արևելքում մի քանի օր տևած ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է առնվազն 400 հազար մարդ։ Այս մասին հայտնել է ANI գործակալությունը։
Հանդիսությունը հինգ օր շարունակվել է երկրի ամենաաղքատ նահանգներից մեկը համարվող արևելյան Բիհար նահանգի գյուղերից մեկում։ Այն կազմակերպել է տեղի օրենսդիր ժողովի պատգամավոր Մոկամա Անանտա Սինգհան, որն ամուսնացնում էր կրտսեր դստերը։ Շքեղ միջոցառումն անցկացվել է մի քանի հեկտար տարածքում, որտեղ հյուրերին ընդունելու համար ուղղաթիռների վեց հրապարակ էր կառուցվել, իսկ 150 ճաշատեսակից բաղկացած տոնական հյուրասիրությունը 300 խոհանոցներում պատրաստել են առնվազն 500 լավագույն խոհարարներ։
Փեսան հարսանիքին ժամանել է հնաոճ կաբրիոլետով, որին ուղեկցել է ավելի քան 150 լիմուզիններից բաղկացած, 8-10 կիլոմետր ձգվող ավտոշարասյունը։ Առատ խնջույքն ընդմիջվել է զանազան զվարճանքներով, որոնց ծրագրում ընդգրկված էին ձիարշավներ երկրի տարբեր վայրերից բերված երկու տասնյակ նժույգների մասնակցությամբ։ Մրցույթի հաղթողի մրցանակն ավտոմեքենա էր։
Հայտնի քաղաքական գործչի դստեր հարսանիքը մեծ իրարանցում է առաջացրել տեղի հազարավոր բնակիչների շրջանում, որոնք շտապել էին տոնակատարությանը՝ անվճար սնունդ ստանալու համար։ Հրմշտոցի մտավախությունից ելնելով՝ կազմակերպիչները հարյուրավոր թիկնապահների էին ներգրավել, որոնց մեծ դժվարությամբ էր հաջողվում կարգուկանոնի թեկուզ պատրանք պահպանել։
Հարսնացուի հայրը՝ Մոկամա Անանտա Սինգհան, գրավի դիմաց ազատ էր արձակվել բանտից, որտեղ պահվում է տարբեր քրեական հանցագործությունների մեղադրանքներով։ Հաջորդ շաբաթ նա պետք է վերադառնա բանտախուց՝ շարունակելով կրել պատիժը։



