ԼՂ հարցի քննարկման հիմնական շահառուն պիտի լինի Արցախի ժողովուրդը. Փաշինյան
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պետք է առարկայական բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
՛՛Մինչև այս պահը չի եղել սեղանին դրված տեքստ, որը մենք պետք է կամ ստորագրենք, կամ չստորագրենք: Առարկայական տեքստ եղել է կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել, բնականաբար մենք այդ պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել, ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով մեզ համար ընդունելի էնպիսի տեքստեր գտնել, որը ընդունելի կլինի դիմացի կողմի համար՛՛,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի բովանդակությանը՝ Փաշինյանը նշեց. ''Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում'':
Փաշինյանը նշեց՝ կա գաղափար, որ խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից:
՛՛Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել: Կա հետևյալ նրբությունը. մենք կարծում ենք, որ, այո, Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով՞ ԼՂ-ն պիտի լինի ԼՂ հարցով հիմնական բանակցողը և շահառուն՛՛,- ասաց նա: