շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ապագա բանակցությունների համար ուղեցույց պետք է լինի նոյեմբերի 9-ի հայտարարությունը. Մարուքյան

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ապագա բանակցությունների համար ուղեցույց պետք է լինի նոյեմբերի 9-ի հայտարարությունը. Մարուքյան

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև բանակցություններին այլընտրանք չկա։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրները հասցեագրելու միակ ճանապարհն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երկխոսությունն է. ՛՛Մենք ասել ենք բոլոր հարթակներում, որ խոսքը գնում է միջզգային մեխանիզմի շրջանակներում ուղիղ խոսակցությանը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Դրա այլընտրանքն այն է, որի հետևանքով մենք ունեցել ենք պատերազմ, պարտություն՛՛:

Մարուքյանը հերքել է ընդդիմության մեղադրանքները, թե ՛՛Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից՛՛։

՛՛Կա Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որն այս պահին միակ փաստաթուղթն է, որը բարձրագույն իրավական ուժ ունի, որովհետև պետությունների միջև պայմանավորված փաստաթուղթ է, որը ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը։ Այդ փաստաթղթում առնվազն չորս անգամ նշվում է Լեռնային Ղարաբաղ։ Ըստ այդ փաստաթղթի՝ կա Լեռնային Ղարաբաղ, կա շփման գիծ, նշված է, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա Հայաստանին կապող միջանցք։ Ի դեպ, այդ միջանցքն էլ միայն սնունդ մատակարարելու համար չէ, այն Հայաստանի հետ կապը պահելու համար է, Հայաստանի հետ հատուկ հարաբերությունների մասին է։ Եվ այս փաստաթուղթը պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ապագա բանակցությունների համար ուղեցույց՛՛,-ասել է Մարուքյանը։

Նա մեջբերել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որում ասվում է, որ ՛՛ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահոկողության ներքո՛՛։

՛՛Այսինքն՝ Իլհամ Ալիևը ստուգել է մի փաստաթուղթ, որտեղ արձանագրել է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի տարածք։ Եվ հիմա Լեռնային Ղարաբաղի մեր եղբայրներն ու քույրերը սա չպե՞տք է օգտագործեն։ Այստեղ փաստ-պարտավորություն կա, որ Լեռնային Ղարաբաղի տարածք պետք է վերադառնան ներքին տեղահանվածներն ու փախստականները։ Ադրբեջանն այս պարտավորություն ստանձնել է, Ռուսաստանը մեզ հետ հավասար ստորագրել է։ Սա ուղեցույց է, որը պետք է օգտագործել՛՛,-պարզաբանել է Մարուքյանը։

 

  • Կիսվել: