ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կոտայքի մարզում վարորդը Lexus-ով բախվել է քարե պատնեշին, կան վիրավորներ․ պատճառը մերկասառույցն է

Կոտայքի մարզում վարորդը Lexus-ով բախվել է քարե պատնեշին, կան վիրավորներ․ պատճառը մերկասառույցն է

Այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Գալստյանը իր վարած Lexus մակնիշի 994 AR 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Ճանապարհի 14 կմ հատվածում հարվածել է ճանապարհի աջակողմյան հատվածում գտվող քարե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ․Գալստյանն ու նրա ուղևոր Երևանի բնակիչ 32-ամյա Գեղամ Վարդանյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին օգնություն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երևանի Միքայելանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին առկա ձյան շերտն ու մերկասառույցը։ 

  • Կիսվել: