կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կորցրածը վերագտնելու սպասումով... Աստոյանների ընտանիքի պատմությունը

Կորցրածը վերագտնելու սպասումով... Աստոյանների ընտանիքի պատմությունը

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի բնակչության մի ստվար հատված ստիպված տեղահանվեց հայրենի եզերքից՝ բնակություն հաստատելով Արցախի՝ մեզ մնացած այլ բնակավայրերում: Նրանցից է Աստոյանների ընտանիքը, որ տեղահանվել է ԱՀ Մարտունու շրջանի Ջիվանի համայնքից։  Այսօր ընտանիքն ապրում է Ստեփանակերտի Անդրանիկի փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի նկուղային հարկում։«Արցախպրես»-ը հյուրընկալվել է նրանց, զրուցել, փորձել ներկայացնել կենսակերպն ու վեր հանել ունեցած խնդիրները:

«Ապրում էինք Վրաստանի Ախալցխա քաղաքում: Ամուսինս՝ Մելս Աստոյանը, Ռուսաստանի Դաշնությունում ավարտելով Գյուղատնտեսական ինստիտուտը, հայրենիքի կանչով 20 տարի առաջ վերադարձել է Արցախ։

Բնութագրությունը հասանալի չէ

Ու, ծանոթանալով Ջիվանի գյուղի տարածքին, մի խումբ մարդկանց հետ այդ տարածքում սկսել է տներ կառուցել. հենց ինքն էլ այդ գյուղի հիմնադիրներից է։ Գյուղն այսօր, դժբախտաբար, թշնամու տիրապետության տակ է: Իսկ մենք ստիպված դատարկաձեռն հեռացել ենք մեր հիմնած գյուղից՝ այնտեղ թողնելով տարիների մեր վաստակը։ Փառք Աստծո, մի կերպ գտել ենք այս տունը: Թոռներս պետք է գան Արցախ, որպեսզի հաճախեն դպրոց, սակայն բնակության վայր չունենալու պատճառով դեռևս ապրում են Հայաստանում»,- պատմում է տանտիկինը։
 
Նա անկեղծանում է՝ մինչ օրս օգտվել են տեղահանվածներին տրամադրվող օգնությունից և ինչ-որ չափով կարողացել են հոգալ ամենօրյա ծախսերը:
Բնութագրությունը հասանալի չէ

«Տասը տարուց ավելի է՝ ամուսինս հիվանդ է և ինքնուրույն չի կարողանում շարժվել։ Նրա բուժման համար դեղեր են անհրաժեշտ։ Մի քանի անգամ ԱՀ աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը դեղեր է տրամադրել։ Այժմ ինքս ամսական մոտ 25 հազարի դեղ եմ գնում։ Դիմել եմ Վերականգնողական կենտրոն, որպեսզի ամուսինս այնտեղ բուժումներ ստանա»,- հավելել է Անահիտը։ Ընտանիքը գյուղում այգի էր մշակում, զբաղվում բանջարաբոստանային կուլտուրաների աճեցմամբ, իսկ այսօր ողջ օրն անցկացնում է հուսալով, որ մի օր կվերադառնան հայրենի եզերք։ «Ամուսինս Ջիվանիի դպրոցում Նկարչություն և աշխատանք էր դասավանդում, ես էլ մեր այգին էի մշակում, միասին գյուղատնտեսությամբ էինք զբաղվում։ Այնտեղ ամեն ինչ լավ էր, անհոգ կյանք էինք ապրում ջերմությամբ լցված մեր տանը»,- երանությամբ հիշում է մեր զրուցակիցը։

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: