չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կորցրածը վերագտնելու հույսով... Մի ընտանիքի պատմություն

Կորցրածը վերագտնելու հույսով... Մի ընտանիքի պատմություն

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սարգսյանների ընտանիքը ստիպված տեղահանվեց ԱՀ Հադրութի շրջանի Այգեստան գյուղից: Բազմազավակ ընտանիքը հաստատվեց Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ 42-ամյա Վեներա Սարգսյանը պատմեց, որ պատերազմի երրորդ օրը տարհանվել են շրջանի մեկ այլ՝ Մեծ Թաղեր համայնք, իսկ այնտեղից տեղափոխվել Դիլիջան:

«Երբ պատերազմն ավարտվեց, վերադարձանք Արցախ: Կացարանով ապահովվելու համար դիմեցինք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը. առաջարկեցին Կաղարծիում բնակվել: Ապրում ենք 9 հոգով՝ ես, ամուսինս ու 7 երեխաներս: Տղաներիցս մեկը ծառայում է հայոց բանակում, հինգ երեխաներս սովորում են դպրոցում, մեկն էլ հաճախում է մանկապարտեզ: 14-ամյա աղջիկս տառապում է էպիլեպսիայով. բուժման համար անհրաժեշտ միջոցներ չունենք»,- ներկայացրել է Վ. Սարգսյանը:

Մեր զրուցակիցը կարոտով է հիշում Այգեստանում ապրած տարիները, ասում է՝ այնտեղ անհոգ ու երջանիկ էին։ Ինքը խոհարար էր, իսկ ամուսինը՝ Գեորգի Սարգսյանը՝ էլեկտրացանցի աշխատող, կողքից էլ իրենց այգին էին մշակում ու ապրում:

«Ամուսինս այսօր Կաղարծիում անասնապահությամբ է զբաղվում, ես էլ երեխաներին եմ խնամում։ Եթե աշխատանք լիներ, մեծ հաճույքով կաշխատեի: Մինչ օրս օգտվել ենք պետության և ԿԽՄԿ-ի կողմից տեղահանվածներին տրամադրվող աջակցությունից, որը մեր ապրուստի միակ միջոցն էր»,- նշել է ընտանիքի մայրը:

Տիկին Վեներան չի հուսահատվում, չի դժգոհում, աշխատանքից էլ չի խուսափում, միայն թե ընտանիքը ապրուստի միջոց ունենա։

  • Կիսվել: