Կորցրածը վերագտնելու հույսով... Մի կնոջ պատմություն
Բաբայանների ընտանիքը Արցախյան 44- օրյա պատերազմի ընթացքում ստիպված տեղահանվել է ԱՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր համայնքից ու ապաստանել Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Տաթևիկ Ավետիսյանը, պատմել է, որ ծնունդով ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքից է: Ամուսնացել և ընտանիք է կազմել Ակնաղբյուրում, որտեղ ապրած տարիները երանությամբ է հիշում:
«Ընտանիքս բաղկացած է 5 անդամից` ես, ամուսինս, երկու երեխաներս ու ամուսնուս մայրը: Արցախից տարհանվելուց հետո կարճ ժամանակ հարազատներիս տանն էինք ապրում, հետո տեղափոխվեցինք Ծաղկաձոր: Այսօր ապրուստի միջոց չունենք: Ամուսինս՝ Արթուր Բաբայանը, մասնակցել է նախորդ պատերազմին, վիրավորվել է. առաջին կարգի հաշմանդամ է, թոշակառու: Օգտվել ենք տեղահանվածներին տրամադրվող աջակցությունից` գումարի, սննդի և անկողնային պարագաների տեսքով»,- ներկայացրել է ընտանիքի մայրը:

Մեր զրուցակիցը մասնագիտությամբ խեցեգործ-նկարչուհի է, ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը:




Նա չի կորցրել հավատն ապագայի նկատմամբ, ասում է` կշարունակի զբաղվել հայկական արվեստով , ցուցահանդես-վաճառքներ կկազմակերպի, կփորձի նորից ոտքի կանգնել։ Միայն թե հայրենիքի կարոտն է գնալով ահագնանում։


