ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհետաձգելի քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով. Արցախի ԱԺ

Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհետաձգելի քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով. Արցախի ԱԺ

Այսօր հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որը վարել է խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Օրակարգում մեկ հարցի քննարկում է եղել՝ «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունը:

Նախքան օրակարգային հարցին անցնելը Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձ է կատարել օրվա տարելիցի առիթով՝ ընդգծելով հայրենիքի նվիրյալների անուրանալի սխրանքն ու նրանց  թողած պատգամը. «Նրանց բոլորի թողած պատգամը թերևս մեկն է՝ ապրել, արարել, հզորանալ, այս հողի վրա: Ուստի պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի հավերժ ապրի նաև մեր հերոսների անունն ու գործը»:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը:

Իր խոսքում խորհրդարանի ղեկավարը դատապարտել է նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմի հերթական սադրիչ և հանցավոր գործողությունը՝ ուղղված խաղաղ բնակչությանը:

Խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունը «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին»:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2020 թվականի աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ագրեսիա է իրականացրել Արցախի Հանրապետության հանդեպ և 44 օր տևած պատերազմի հետևանքով բռնազավթել է հանրապետության տարածքի մեծ մասը:

Իր պատմական հայրենիքից Արցախի բնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր ընտանիքներ են ունեզրկվել և հայրենազրկվել, ոչնչացվել ու պղծվել են ազգային-մշակութային և քրիստոնեական հարյուրավոր հուշարձաններ ու կոթողներ:

Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված զինադադարով կասեցվել է արյունահեղությունը: Այդուհանդերձ, մեր խորին համոզմամբ, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության սպառնալիքը կարող է կանխվել, և տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, գերեվարված մեր հայրենակիցների ու բռնի տեղահանվածների հայրենի օջախներ վերադարձնելու և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, անհետաձգելի քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու և հիմնախնդրի համապարփակ լուծումն ապահովելու նպատակով:

Ոգեկոչելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների հիշատակը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացների օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական նորմերին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, վերահաստատում է՝ ազատ ու անկախ Արցախը պահպանելու 1988 թվականին ստանձնած հանձնառությունը և Արցախի Հանրապետության ժողովրդի վճռականությունը՝ հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իր իրավունքը պաշտպանելու գործում»:

  • Կիսվել: