հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կմշակվի պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծրագիր

Կմշակվի պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծրագիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կազմակերպվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և փաստացի բնակված քաղաքացիներին բնակարանով կամ բնակելի տնով ապահովելու նպատակով գործողությունների ծրագիր։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և (կամ) փաստացի բնակված քաղաքացիներին (այսուհետ՝ շահառուներ) բնակարանով կամ բնակելի տնով ապահովելու նպատակով կազմակերպել գործողությունների ծրագիր։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հետ համատեղ կազմել և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված շահառուների ցուցակը։

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ՝ մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Արցախի Հանրապետության տարածքում բնակարանների (բնակելի տների) կառուցման և այդ նպատակով հողերի հատկացման համար հնարավոր համայնքների ցանկը՝ ըստ բնակարանների (բնակելի տների) հնարավոր առավելագույն քանակի և մակերեսի։

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հետ համատեղ մինչև 2021 թվականի հունիսի 1-ը իրականացնել շահառուների և (կամ) նրանց ընտանիքների նույնականացում՝ ըստ սոցիալական խմբերի»,- ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: