շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կին, թե տղամարդ արցունքն աչքերին ողջագուրվում են, հրաժեշտ տալիս միմյանց` խոստանալով, որ մի օր պարտադիր վերադառնալու են. Բերձորն այսօր

Կին, թե տղամարդ արցունքն աչքերին ողջագուրվում են, հրաժեշտ տալիս միմյանց` խոստանալով, որ մի օր պարտադիր վերադառնալու են. Բերձորն այսօր

Բերձորը բոլոր հայկական բնակավայրերից առանձնանում է իր կոլորիտով ու ծագումնաբանական յուրահատկությամբ...այն ինչն որ առումով «հայկական Ամերիկա» կարելի է անվանել` ժամանակին Բերձորը կառուցվեց Հայաստանի գրեթե բոլոր մարզերից եկած սոցիալական ամենատարբեր ծագումնաբանություն ունեցող վերաբնակիչների կողմից: Նրանք իրենց հետ բերեցին իրենց մշակույթը, ավանդույթային և լեզվական առանձնահատկությունները: Բայց էստեղ նրանք սովորեցին համակեցության կանոններին, կարողացան հաշտ ու համերաշխ, գրեթե մեկ ընտանիքի նման ապրել: Այստեղ շատերը նոր կյանք ու նոր ուղի սկսեցին, դարձան բերձորցի, դա մի յուրահատուկ կարգավիճակ է, յուրահատուկ ապրելաձև` տարբերվող թե հայաստանյան, թե որոշ չափով արցախյան իրականությունից:Այսօր բերձորցին նորից ընտրության առաջ է, նորից կյանքի մեկ այլ ջրբաժանում, նորից ստիպված է ադապտացվել այլ` ինչ որ չափով մոռացված, հեռացած իրականությանը: Բերձորը և Աղավնոն, որոնք գտնվում են Լաչինի ներկայիս միջանցքի տարածքում, օգոստոսի 25-ին հանձնվելու են Ադրբեջանին: Մեր այցելության պահին, քաղաքը առաջին հայացքից շարունակում էր ապրել իր բնականոն առօրյայով, «կոլցեվոյի» փոքրիկ խանութներում աշխույժ առևտուր էր գնում, նույնիսկ մատակարարումը չէր դադարում, պատերազմից հետո քաղաքում մնացած ոչ մեծաթիվ մարդիկ զբաղված էին իրենց առօրյա հոգսերով... Բայց դա առաջին հայացքից...

Բերձորցիների հետ մեր զրույցներից պարզ դարձավ, որ նրանք արդեն հավաքել են իրերը և սպասում են դրանք տեղափոխելուն` միևնույն ժամանակ մինչև վերջին պահը չդադարեցնելով իրենց աշխատանքը: Ասացին, որ տեղափոխվելու հարցում ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել «Կարմիր Խաչի» առաքելությունը, սակայն բնակիչները չէին շտապում այդ գումարները ծախսել տեղափոխման համար. «Բա որ ծախսենք, հետո ինչով ապրենք»,- անկեղծացավ տիկին Անահիտը: Կազմակերպչական հարցերում նրանք ակնկալում են ԱՀ կառավարության օգնությունը, թեպետ բնակիչների մեծ մասը այդուհանդերձ, որոշել է տեղափոխվել ՀՀ: «Բայց որ ճար լինի, ոչ մի տեղ էլ չենք գնա, մենք էստեղ ենք ուզում ապրել, Բերձորից լավը չկա»,- ասում է տիկին Անահիտը, կողքին կանգնած տիկնայք էլ ի նշան համաձայնության գլխով են անում:

Բերձորում երկու օր շարունակ հանդիպեցինք ԱՀ ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանին, ով քաղաքի առաջին վերաբնակիչներից է: Հովհաննիսյանը ինքնակամ սկզբունքով համակարգում է տարհանման աշխատանքները, որդու հետ միասին օգնում համաքաղաքացիներից կազմակերպչական հարցերում, ապահովում բնակիչների կապը ԱՀ կառավարության հետ: Թե ինչ ահռելի ու բարդ աշխատանք է կատարում պատգամավորը այս օրերին դժվար է նկարագրել... 

-Պարոն Հովհաննիսյան կպատմենք, ինչպե՞ս որոշեցիք Հայաստանից տեղափոխվել Քաշաթաղ:

-Բանակից զորացրվելուց հետո վերադարձել եմ Արթիկ` իմ  ծննդավայր, ապա որոշում եմ կայացրել հետ վերադառնալ Քաշաթաղ: Քսաչորս տարեկան էի այդ ժամանակ:

-Այստե՞ղ եք ծառայել:

-Այո, այստեղ եմ ծառայել: Ամուսնացել և ընտանիքով վերադարձել եմ Քաշաթաղ, սկզբնական շրջանում աշխատել եմ որպես պատմության ուսուցիչ` ավարտել էի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Երկու ամիս հետո նշանակվեցի դպրոցի տնօրեն: Դպրոց չկար որպես այդպիսին, մենք հիմնադրեցինք այն: Հավաքել ենք աշակերտներ, ուսուցչական կազմը և քիչ-քիչ սկսվել է բնականոն կյանքը: Դա եղել է 1998 թվականի ապրիլ, մայիս ամիսներին: Եվ 1998 թվականից մինչև այսօր Քաշաթաղում եմ: Իմ ամբողջ կենսագրությունը, երիտասարդության լավագույն տարիները նվիրվել են Քաշաթաղին: Այստեղ ձեռք եմ բերել բազմաթիվ լավ ընկերներ: Այստեղ ձևավորվել եմ և կայացել եմ որպես մարդ:

-Իսկ դժվար չի եղե՞լ Հայաստանից գալ այս նոր կառուցվող ամայի վայրը, ադապտացման շրջանը բարդ չէ՞ր:

-Բավական դժվար էր և շատ ծանր ճանապարհ ենք անցել: Բազում տարիներ չենք ունեցել տարրական կենցաղային պայմաններ, մինչև կարողացել ենք քարը քարի վրա դնելով կառուցել Քաշաթաղը` Այգեհովիտ, Բերձոր և այլ բնակավայրերով: Մենք` քաշաթաղցիներս եկել էինք Հայաստանի տարբեր շրջաններից և տարբեր ավանդույթների, տարբեր մշակույթի կրողներ էինք: Երկար ու ձիգ տարիներ սովորել ենք համատեղ ապրել: Ինչի արդյունքում դարձել ենք լավ ընկերներ: Հայրենիքի պաշտպանության գործում քաշաթաղցին իր ծանր ու կարևոր դերակատարությունն է ունեցել: Այստեղ են ծնվել իմ երեխաները: Իմ երեխաները կնքվել են այս` Սուրբ Համբարձման եկեղեցում: Ինձ հետ են եղել իմ ծնողները:

-Կպատմեք, ի՞նչ զգացումներով եք լքում քաղաքը:

-Ճիշտ ասած` ապրումների մասին չեմ ուզում կիսվել, որովհետև դա անձնական է: Բայց որ հեշտ չի դա միանշանակ է: Այն որ քաշաթաղցին ամուր կանգնած է եղել իր հողի վրա և մինչև վերջ զենքը ձեռքին պայքարել է` որպեսզի շրջանը մնա հայկական, դա միանշանակ է:

-Ապագայի հետ կապված արդեն պլաններ ունե՞ք, որոշել ե՞ք որտեղ եք բնակվելու:

-Մենք այստեղ ենք, Արցախում ենք: Ես հանդիսանում եմ Արցախի Հանրապետության Ազգայի ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորներից մեկը: Չնայած այս պահին արձակուրդում եմ և գտնվում եմ Բերձորում` որպես շարքային բերձորցի, քաշաթաղցի: Մեր ճակատագիրն Արցախի հետ է կապված արդեն բազում-բազում տարիներ, և ճանապարհի կեսից լքել խրամատը դա կլինի ոչ ճիշտ: Պետք է շարունակենք այստեղ, որովհետև քաշաթաղցիները հավաքական կերպարով չկոտրվող տեսակ են:

-Կպատմե՞ք, տարհամնմա աշխատանքները ինչպե՞ս են ընթանում, կառավարության կողմից ի՞նչ է արվում:

-Այն մարիկ, ովքեր մնացել են Քաշաթաղում դեկտեմբերի 1-ից հետո և հիմա ստիպված են լինելու տեղափոխվել այլ բնակության վայր, որոշակի խնդիրներ ունեն կողմնորոշվելու հետ կապված: Մի կողմից  շատ դժվար է կտրվել Արցախից, մյուս կողմից էլ` մարդկանց էլ եմ հասկանում` իրենք հերթական անգամ ստիպված են կյանքի մի նոր էջ բացել, շատերը արդեն շատ հասուն տարիքում: Արցախի կառավարության կողմից տեղահանվածների համար կա սոցիալական աջակցության ծրագիր, նաև «Կարմիր խաչի» առաքելությունն է տրամադրել որոշակի գումար: Տեղահանված քաղաքացիները օգտվելու են բոլոր սոցիալական ծրագրերից:

Երկու օր առաջ կառավարական ներկայացուցչություն էր եկել  Քաշաթաղ: Նրանք գույքագրեցին ընթացիկ խնդիրները, հանդիպումներ եղան բնակիչների հետ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին: Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ է, որը համակարգելու է բնակիչների անվտանգ տարհանման գործընթացը, ինչն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Բայց շատ բան, կարծես թե, մեր ձեռքում էլ չի:

Հովհաննիսյանի հետ գնացինք նաև Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, որը այս օրերին դարձել է քաշաթաղցիների ուղտատեղին: Պատերազմից հետո քաղաքը և շրջանը լքած բնակիչները երկու տարի անց մի քանի ժամով վերադառնում են, որ հրաժեշտ տան իրենց փոքր հայրենիքին: Կին, թե տղամարդ արցունքն աչքերին ողջագուրվում են, հրաժեշտ տալիս միմյանց` խոստանալով, որ մի օր պարտադիր վերադառնալու են...   

P.S. Բերձորից հետո այցելեցինք նաև Աղավնո, որի մուտքի մոտ ռուս խաղաղապահները անցակետ են դրել: Նրանցից մեկը հետաքրքրվեց, թե որն է մեր այցի նպատակը, և քանի որ խաղաղապահների կողմից լրագրողական աշխատանքը Լաչինի միջանցքում մեղմ ասած չի ողջունում, ստիպված ասացինք, որ ուղտագնացներ ենք, եկել ենք հայրենիքին հրաժեշտ տալու: Խաղաղապահը նայեց մեզ և, վստահ ժպտալով, ասաց. «А не надо прощаться, все будет хорошо»…       

  • Կիսվել: