ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խրամորթը վերադառնում է բնականոն կյանքին

Խրամորթը վերադառնում է բնականոն կյանքին

Խրամորթից տեղահանված կանայք, երեխաները քիչ-քիչ վերադառնում են գյուղ, լարվածությունը թուլացել է, ասում է Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը։

«Հիմա էս քանի օրը հանգիստ ա, վերադառնում են երեխաները, մեծերը, կանայք։ Գյուղում էլ կյանքը բնականոն հունով, նորմալ իրանց բնականոն կյանքով ապրում են», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ապրեսյանը։

Շուրջ մի ամիս է Արցախի այս գյուղն ադրբեջանցիների թիրախում էր՝ Խրամորթի ուղղությամբ կրակում էին նաև ականանետից։ Մեկ շաբաթ առաջ իր տան բակում խաղաղ բնակիչ վիրավորվեց ադրբեջանական ականի պայթյունից. կանայք, երեխաները ստիպված հեռացան գյուղից։ Խրամորթցիներին հատկապես տագնապի էր մատնել այն, որ ադրբեջանական կողմն իրենց դիրքերին զինտեխնիկա էր մոտեցրել:

Օրեր առաջ գյուղում ռուս խաղաղապահները մշտական հենակետ տեղակայեցին, վարչակազմի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո լուրջ միջադեպեր չեն եղել։ Միայն ձայնագրված սպառնալիքներն է, որ չեն լռում․ - «Լինում են՝ արանքում երգեր-բան միացնում են իրանք, բայց արդեն ուշադրության չի էլի արժանանում»։ Երեկ Խրամորթի համայնքապետը ադրբեջանական նամազին պատասխանել է հայկական երաժշտությամբ, բացատրում է՝ բնակչությանը տրամադրություն հաղորդելու համար։

Խրամորթի դպրոցի տնօրենը հույս ունի, որ երկուշաբթի օրվանից հնարավոր կլինի վերսկսել դասերը դպրոցում. այստեղ 66 աշակերտ է սովորում, 18 փոքրիկներ էլ նախադպրոցական խմբում են։ «Ամեն օր հեռախոսազրույց եմ ունենում բոլոր ծնողների հետ, բոլորն էլ ուզում են, որ հետ գան, ուղղակի ծնողներ կան փոքր երեխաներ ունեն, էլի, մի քանի օր էլ են սպասում», - ասաց Անուշ Գաբրիելյանը։

Դպրոցը փայտի վառարաններով են ջեռուցում. գազի բացակայությունն այստեղ մեծ խնդիրներ չի ստեղծել՝ ի տարբերություն Ստեփանակերտի, որտեղ ցրտի ու դասասենյակների չջեռուցվելու պատճառով նախ դասաժամերը կրճատվեցին, ապա գարնանային արձակուրդ հայտարարվեց Արցախի բոլոր դպրոցներում։ Երկու օր առաջ գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսվել էին ու դեռ չեն ավարտվել՝ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով։

  • Կիսվել: