հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խնձրիստանցին հետպատերազմական շրջանում էլ շարունակում է արարել. համայնքապետ

Խնձրիստանցին հետպատերազմական շրջանում էլ շարունակում է արարել. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքը 780 բնակիչ ունի. նրանք այսօր էլ շարունակում են ապրել ու արարել հայրենի գյուղում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խնձրիստանի համայնքապետ Ալեքսեյ Ավանեսյանը:

«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գյուղում վերաբնակեցրել ենք 20 ընտանիքի՝ 74 հոգով: Ազատ բնակֆոնդից ունենք 37 տուն, որից 18-ը վերանորոգումից հետո կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին: Գյուղում գործում է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են բուժկետը, ակումբն ու մշակույթի տունը. հանդիսությունների սրահը ևս նորակառույց է: Նորակառույց դպրոցում սովորում է 148 աշակերտ: Մանկապարտեզի շենքը վերանորոգվել է Հայ օգնության միության կողմից, որտեղ հաճախում է 43 սան: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը սալապատված է, իսկ մյուս մասը պետք է սալապատվի: Պատերազմից հետո ասֆալտապատվել է գյուղը մայրուղուն կապող 3.6 կմ ճանապարհահատվածը: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր, սակայն, ըստ ծրագրածի, մոտ օրերս նոր արտեզյան ջրհոր կկառուցվի»,- ներկայացրել է Ա. Ավանեսյանը:

Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում 4 համագյուղացի է զոհվել, իսկ 2-ը՝ վիրավորվել: Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ համայնքապետը նշել է, որ հիմնական ուղություններն են գյուղատնտեսությունը, այգեգործությունն ու խաղողագործությունը՝ հավաստիացնելով, որ հետպատերազմական շրջանում անգամ գյուղն օրեցօր շարունակում է զարգանալ:

  • Կիսվել: