չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ասկերանի Խնձրիստան համայնքը պատրաստ է նոր վերաբնակիչներ ընդունելու

Ասկերանի Խնձրիստան համայնքը պատրաստ է նոր վերաբնակիչներ ընդունելու

Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքը պատրաստ է ընդունելու նոր վերաբնակիչների։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խնձրիստանի համայնքի ղեկավար Ալեքսեյ Ավանեսյանը՝ նշելով, որ արցախյան երրորդ պատերազմի հետևանքով գյուղում վերաբնակություն են հաստատել Քարվաճառից, Հադրութից, Շուշիից տեղահանված 15 ընտանիքներ:

ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ գյուղում վերանորոգվել և շահագործման է հանձնվել 5 տուն, ևս 10-ի աշխատանքներն ընթացքի մեջ են:Բացի այդ, գյուղում կա 23 տուն, որոնք ևս նախատեսված են վերաբնակիչների համար: Պատերազմից հետո Խնձրիստանում ապրել ցանկացողները շատ են, իսկ համայնքը սիրով է ընդունում բոլոր վերաբնակիչներին:

Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ բնակիչները հիմնականում ներգրավված են հողագործական , անասնապահական և շինարարական աշխատանքներում։ Խնձրիստանցիները ցանել են 335 հա ցորեն և 33,5 հա գարի: Գարնանացան աշխատանքների մասով՝ 8 հա եգիպտացորեն, 65 հա հաճար: «Գյուղն ունի դպրոց, որտեղ սովորում է 141 աշակերտ, իսկ մանկապարտեզ հաճախում է 40 երեխա: Սկսած 2018 թվականից՝ գյուղում մինչև այսօր իրականացվել է 2740 քառ./մ սալապատում: Հյուսիս-հարավ մայրուղին համայնքին կապող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, եղանակային նորմալ պայմանների դեպքում, ավարտին կհասցվեն 10-15 օրերի ընթացքում»,- մասնավորապես ասել է գյուղապետը:

Խոսելով գյուղի խնդրների մասին՝ Ա. Ավանեսյանը տեղեկացրել է, որ առաջնահերթ լուծման կարիք ունի խմելու և ոռոգման ջրի հարցը. նա հավելեց, որ այն արդեն ընթացքի մեջ է, և մոտ ժամանակներս պետբյուջեի ֆինանսավորմամբ արտեզյան ջրհոր կունենան։ Աղբահանության հարցը ևս օրակարգում է:

  • Կիսվել: