Խաղաղապահների ժամկետը երկարաձգելու իմ առաջարկը չընդունվեց, բայց հարցը դարձավ օրակարգային․ Փաշինյան
Հայաստանը Սոչիում եռակողմ հանդիպմանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել:
«Տարբերակներ են՝ անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով և այլն։ Պետք է ասեմ, որ այդ առաջարկը չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ նաև որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինայնն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբեր:
«Այսինքն, դա կարող է չերկարացվել միայն, եթե կողմերից որևէ մեկն առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ: Հետևաբար, նորությունը հետևյալն է, որ խաղաղապահների մանդատը երկարացնել, ֆիքսել, որ նույնիսկ այդ առարկության ինստիտուտը պետք չէ, կամ այդ առարկության ինստիտուտն այս պահից հնարավոր հաղթահարել և երկարաժամկետ առումով ունենալ խաղաղապահների ներկայություն: Մեր այդ առաջարկն այս փուլում չընդունվեց, բայց իմ տպավորությամբ դա մի հարց է, որն ինչ-որ առումով դառնում է օրակարգային»,-նշեց Փաշինյանը:
Նա ասաց, թե ակնհայտ է՝ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ ու երաշխիքներ անվտանգության ու իրավունքների ապահովման համար: Փաշինյանի խոսքով՝ քաղաքականությունը Սոչիից առաջ և Սոչիից հետո ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել, որովհետև մեր քաղաքականությունը եղել է դա.
«Շատ ուրախ եմ արձանագրել, որ Սոչիում, ըստ էության, վերահաստատվեց Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այսինքն, ես իմ կողմից վերահաստատեցի, բայց մյուս կողմից այդ պայմանավորվածությունների որևէ հերքում կամ բացառում չեղավ՝ առնվազն, փաստաթղթի մեջ արձանագրված»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ շարունակելու են ակտիվ գործունեությունը խաղաղության օրակարգի իրականացման և իրագործման շուրջ: