շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կեղծ հայրենասերներ որտե՞ղ էիք. Արայիկ Հարությունյանը` Կարմիր Շուկայում (տեսանյութ)

Կեղծ հայրենասերներ որտե՞ղ էիք. Արայիկ Հարությունյանը` Կարմիր Շուկայում (տեսանյութ)

Կարմիր Շուկայի թեման փակված է, այն երբևէ բաց չի էլ եղել: Այս մասին Մարտունու շրջան կատարած այցի ընթացքում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Հայաստանյան որոշ քաղաքական ուժերի կողմից Կարմիր Շուկան հանձնելու մասին պարբերաբար տարածվող լուրերին:

«Նախ ուզում եմ անդրադառնալ մեր երկրի ներքին թշնամիների կողմից տարածվող պրովոկացիոն լուրերին, որոնք խաթարում են մեր անդորրը: Այդ կեղծ հայրենասեր ձևացող ուժերը նման գործելաոճով հոգեբանական ճնշում են գործադրում մեր ժողովրդի վրա: Նրանց կողմից շահարկվող հերթական թեման Կարմիր Շուկայի իբրև թե հանձնումն է: Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ, ով շահարկում է այս թեման կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել մեզ, թե իբր մենք պատրաստվում ենք ինչ որ մութ գործարքներ իրականացնել: Նախ ուզում եմ հարցնել այդ կեղծ հայրենասերներին, ուր էին նրանք այն օրերին, երբ շուրջ 15 օր Կարմիր Շուկան վտանգված էր, երբ թշնամին ամեն վայրկյան փորձում էր զավթել այն: Չեմ ուզում ասել, թե այդ օրերին քանի անգամ եմ եղել Կարմիր Շուկայում:

Մենք Կարմիր Շուկայում 150 տուն ենք կառուցում, նրանք մեզ մեղադրում են Կարմիր Շուկան հանձնելու մեջ: Կարմիր Շուկայի թեման փակված է, այն բաց չի էլ եղել: Եվ ուզում եմ ասել, որ որևէ ստվերային համաձայնություն որևէ փուլում չի եղել, չի էլ լինելու: Մենք ունենք հստակ օրակարգ, որից շեղվել չենք պատրաստվում: Մենք շարունակելու ենք պայքարը մեր անկախության համար, մենք անկախության ճանապարհից հետնահանջ չենք ունենալու:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը մեր երկիրը զարգացման և ամրապնդման համար: Մենք շարունակելու ենք մեր պայքարը նախկին ԼՂԻՄ-ի տարածքը քաղաքական ճանապարհով վերականգնելու համար»,- նշել է նախագահը:

Նա նաև ավելացրել է, որ փուլ առ փուլ պետք է վերականգնել հավատը, երևան հանել երկրի առաջ ծառացած խնդիրները և նոր օրակարգով զարգացնել Արցախը:

  • Կիսվել: