շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ինչ ծրագրեր ունի «Արցախի բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը

Ինչ ծրագրեր ունի «Արցախի բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը

ԱՀ-ում իր գործունեությունն է սկսել «Արցախի բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիմնադրամի սփյուռքի, միջազգային կառույցների հետ կապերի և մարքեթինգի բաժնի պետ Դավիթ Գաբրիելյանն ասել է, որ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը վերակառուցվել ու այսուհետ ներակայանում է «Արցախի բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գործառույթներով:

Նրա խոսքով՝ հիմնադրամի նպատակը ոլորտային հավասարաչափ զարագացումն է Արցախում՝ գյուղատնտեսությունից մինչև ինովացիոն ծրագրեր: Հիմնադրամն ունի կայքէջ, որով հաշվետու է լինելու ծրագրերի իրագործման ընթացքի մասին և նպաստելու է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապի խորացմանը՝ բիզնես ծրագրերի միջոցով:

«Նորաստեղծ հիմնադրամը կարող է սփյուռքահայերի և արցախցիների համագործակցության ամրապնդմպան հուսալի հարթակ դառնալ: Այն գործում է 3 հիմնական ուղղություններով՝ ինվեստիցիոն, մարքեթինգի կամ տարբեր ռազմավարությունների և ծրագրավորման: Միջազգային բիզնես կանոնների համաձայն՝ լավ պրոդուկտը դեռևս հաջողության գրավական չէ, անհրաժեշտ է նաև ճիշտ ու գրագետ ներակայացնել այն, որի ուղղությամբ էլ լուրջ աշխատանքներ են տարվելու»,- մասնավորապես ավելացրել է Դ. Գաբրիելյանը:

«Արցախի բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմանդրամի բարեգործական և ինվեստիցիոն ծրագրերի ռազմավարական պլանավորման բաժնի պետ Կրիստինա Դանիելյանի խոսքով՝ շահառու-ներդրող կապը պահելու են հիմնադրամի պաշտոնական կայքի միջոցով:

««Ahimnadram.com»-ում ներդրողները կարող են ծանոթանալ, թե ինչ ծրագրեր են առաջարկվում հիմնադրամի կողմից, այնուհետև, հետաքրքրելու դեպքում, դիմել ու կատարել ներդրում: Կայքի միջոցով կարողանալու ենք աջակցել շահառուներին՝ օգնելու իրագործել իրենց իրատեսական ծրագրերը, նպաստել տնտեսության զարագացմանն ու հնարավորություն տալ տեղահանված բնակիչներին ապրելու և արարելու Արցախում»,- ասել է Կ. Դանիելյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ նորաստեղծ հիմնադրամի առանձնահատկության առաջին խնդիրը լինելու է թափանցիկությունը, որպեսզի կարողանան հետագայում վստահություն ձեռք բերել և ավելի լայն շրջանակներ ընդգրկել իրենց ծրագրերում: Հիմնադրամը, միջնորդ հանդիսանալուց բացի, ունի նաև խորհրդատվական ծառայություն, որը շահառուներին կարող է օգնել արդիական բիզնես ճյուղ ընտրելու հարցում: Ոլորտային որևէ սահմանափակում չի գործում:

  • Կիսվել: