Հնարավոր չէ, որ Հայաստանը ձեռքերը լվա Արցախից. Դավիթ Բաբայան
Ադրբեջանի հետ Արցախը չի բանակցում, Ադրբեջանի հետ կան շփումներ, բայց դրանք տեխնիկական բնույթ են կրում ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
«Բայց դրանք բանակցություններ չեն, Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հետ բանակցել: Նրանք երբ ասում են՝ եկեք բանակցենք, իրենց տեսլականը տարբերվում է մերից: Իրենց պատկերացմամբ, իրենք պետք է բանակցեն աբորիգենների հետ, որոնք ներողություն պետք է խնդրեն, ծնկաչոք գնան եւ ասեն՝ ղալաթ ենք արել: Մեզ համար դա ընդունելի չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով հայտարարություններին, թե Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Դա հնարավոր չէ: Մենք ԱԺ-ում հանդիպումներ ենք ունենալու բոլոր խմբակցությունների հետ: Առջին հանդիպումը եղել է ՔՊ-ի, այնուհետեւ մյուս երկու խմբակցությունների հետ ենք հանդիպելու: ՔՊ-ի հետ հանդիպմանը իրենք պաշտոնապես հայտարարել են, որ Արցախի հարցը միշտ լինելու է կենտրոնում, եւ Հայաստանը երբեք ձեռքները չի լվալու Արցախից: Սա կարեւոր մեսիջ է: Ես հասկանում եմ, որ ներքաղաքական պայքար է, անհամաձայնություններ կան եւ դա բնական է ժողովրդավարական երկրի համար, բայց Արցախի շուրջ մենք պետք է ունենանք միասնական մոտեցում»: