հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի կարգավիճակի հարցը տրված չէ որևէ անձի կամ որևէ կուսակցության․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի կարգավիճակի հարցը տրված չէ որևէ անձի կամ որևէ կուսակցության․ Արցախի ԱԺ նախագահ

ՀՀ վարչապետի ստորագրությամբ Արցախի հարց չի լուծվում։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Ես մեզ ժողովրդին ուզում եմ ասել, որ որևէ անձ, անկախ դրանից նա Հայաստանի Հանրապետության առաջնորդն է, թե Արցախի առաջնորդն է կամ որևէ կուսակցություն ․․․ Արցախի կարգավիճակի հարցը տրված չէ որևէ անձի կամ որևէ կուսակցության։ Արցախի կարգավիճակի հարցը, վերջնական լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»,– ասել է նա։

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր հերթին ասել է, որ անընդունելի է որևէ փաստաթուղթ, որում Ադրբեջանը կարող է Ադրբեջանի կազմում լինել։ «Մնացածը մեզ համար մեր ինքնորոշման իրավունքի իրացման և անկախության միջազգային ճանաչման շրջանակում պետք է լուծվի»– ասել է նա։

Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանն իր հերթին ասել է, որ մեկ անգամ արդեն ականատես ենք եղել 202թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ փաստաթղթին։ «Ինձ թվում է, որ ազգը ոտքի է կանգնելու և թույլ չի տալու նման որոշում կայացվի, որը կցավեցնի ամբողջ մեր ազգային»,– ասել է նա։

Պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով Հայաստանի ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, ասել է, որ այս իրավիճակում ոչ թե պետք է քաղաքական աճպարարություններով մատուցել ժողովրդին, թե ինչ է տեղի ունենում, այլ հստակ ձևակերպված խոսք հնչի։ «Այս պահին ես այդ հստակ խոսքը չեմ լսել։ Եվ ելնելով այդ հանգամանքից՝ ժողովուրդը այս ժամին իր ցասումը, մտահոգությունն է արտահայտում հավաքվելով հրապարակում» ասել է նա։

  • Կիսվել: