ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունն անդրադարձել է ԱՀ դատախազության հաղորդագրության տարաբնույթ մեկնաբանություններին
Ս․թ․ հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունը լրատվամիջոցներում ստացել էր լայն արձագանք, և դրա շուրջ տարածվել էին տարբեր բնույթի մեկնաբանություններ, այդ պատճառով ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուչությունը անհրաժեշտ է համարում տրամադրելու հավելյալ պարզաբանում։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը:
«Դատախազության կողմից հրապարակված տեղեկությունը վերաբերում է 2022թ. մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործին, որի նախաքննության ավարտի ու մեղադրական եզրակացությամբ դատախազություն ուղարկելու մասին հաղորդել էր նաև ԱՀ Քննչական կոմիտեն ։
Ցանկանում ենք իրազեկել նաև, որ գործունեության բնույթը և առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Ներկայացուցչությունը ձեռնարկել ու շարունակաբար ձեռնարկում է բոլոր միջոցները Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող երևույթները վեր հանելու, չեզոքացնելու կամ դրանք կանխելու ուղղությամբ: Իրավապահ մարմինների կողմից հայտարարված դեպքը նույնպես բացառություն չէ, որի բացահայտման ու դեպքի բոլոր հանգամանքների հանգամանալից հետազոտությանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև Ներկայացուցչությունը՝ իրավապահ մարմինների հետ ապահովելով պատշաճ համագործակցություն», - ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի դատախազությունը տեղեկացրել էր՝ պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։