ՀՀ-ից, Արցախից, Ադրբեջանից հնչող ցանկացած հայտարարություն մեծ ազդեցություն է ունենալու հետագա զարգացումների վրա. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Տավուշում ծավալված ռազմական գործողություններից հետո արտաքին քաղաքական օրակարգում լրացուցիչ երկու կարևոր հարց կա։ Առաջինը, ըստ նրա, այն է, թե երբ են կողմերը վերադառնալու բանակցությունների սեղան, և երկրորդը՝ ի՞նչ օրակարգի շուրջ։
՛՛Առաջինը կարևոր է հասկանալու, թե արդյո՞ք առհասարակ կողմերը ցանկություն ունեն վերադառնալու բանակցությունների գործընթաց, թե՞ մարտական գործողությունների հերթական ռաունդն է լինելու։
Երկրորդ, ինչպիսի՞ դիրքավորում են ապահովելու Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ և վերադարձը ինչի շուրջ է լինելու։
Բավականին նուրբ ժամանակահատված է։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից հնչող ցանկացած հայտարարություն իր բոլոր ենթատեքստերով մեծ ազդեցություն է ունենալու հետագա զարգացումների վրա, առաջին հերթին պատասխանատվության տեսանկյունից։
Պետք է հաշվարկել բոլոր քայլերն ու հայտարարությունները երկարաժամկետ կտրվածքով։ Ընթացիկ, ոչ առաջնային խնդիրները լուծելու համար կարևոր խաղաքարտերը բացելու անհրաժեշտություն չկա՛՛,-նշել է Աբրահամյանը։