Հայտնի բժիշկ-նյարդաբանն Արցախում անվճար խորհրդատվություն և հետազոտություններ է իրականացնում
Դեկտեմբերի 13-14-ը Քաթարի Դոհա քաղաքի «Քարթ» կլինիկայի նյարդաբանության բաժանմունքի խորհրդատու, էպիլեպսիայի դեմ միջազգային լիգայի անդամ Գայանե Մելիքյանն Արցախում անվճար խորհրդատվություն և հետազոտություններ է անցկացնում։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ-նյարդաբանն ասաց, որ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում արդեն ընդունել է 15 հիվանդի, ովքեր դիմում են տարբեր հիվանդություններով:
«Կան այնպիսի հիվանդներ, ովքեր առաջնային բուժում են ստանում ընտանեկան բժշկի կողմից, սակայն դիմում են խորհրդատվության համար: Կան նաև այնպիսիները, որոնց մոտ նյարդային խանգարումներն ի հայտ են եկել հետպատերազմական ծանր իրավիճակում: Բոլոր հիվանդները հիմնականում ճիշտ բուժում են ստանում»,- նշել է Գ. Մելիքյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այցը տեղի մասնագետների հետ փորձի փոխանակման, նյարդաբանության ոլորտում վերջին նորություններին ծանոթացնելու միտում ունի:

Բժշկուհին նշեց, որ դեկտեմբերի 14-ին հետազոտություններ ու խորհրդատվություն կանցկացնի ԱՀ Մարտունու շրջանային հիվանդանոցում` պայմանավորված բուժհաստատության նյարդաբան չունենալու և քաղաքացիների բարձր դիմելիության հանգամանքով։