կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայրս զոհված քեռուս մարմինը տեղափոխում էր նույն մեքենայով, որտեղ մայրս էր՝ առանց մորս իմացության. արցախցի

Հայրս զոհված քեռուս մարմինը տեղափոխում էր նույն մեքենայով, որտեղ մայրս էր՝ առանց մորս իմացության. արցախցի

«Ես ծնունդով Քարին տակից եմ։ Ամուսնացել և ապրում էի Շուշի քաղաքում։ Հայրական տուն էի գնացել, երբ սկսեց 2020 թվականի պատերազմը։ Ամուսինս մեզ անմիջապե տեղափոխեց Շուշի՝ մտածելով, որ այնտեղ ապահով է։ Մեկ տարեկան բալիկիս գրկած դողում էի սարափից․ դա սարսափ էր, ոչ միայն բալիկիս, ամուսնուս, հարազատներիս կորցնելու, այլև՝ հայրենի տանս, որտեղ ստիպված թողնում էի հարազատներիս գերեզմանները, մի ողջ կյանք․․․ կանգնել էի տան մեջտեղում ու չգիտեի՝ ի՞նչ վերցնել ինձ հետ՝ երեխայի՞ս խաղալիքները, շորե՞րը.․․

Երեխայիս փաթաթեցի մայրիկիս տված վերմակով ու դուրս եկա՝ դուռը կողպելով՝ հույս ունենալով, որ մի քանի օրից կրկին վերադառնալու ենք։ Մտքովս անգամ չէր անցնում, որ վերջին անգամ եմ իմ տանը»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է բռնի տեղահանված Նարինե Պետրոսյանը։

Նարինեի խոսքով՝ ամենադժվարը հրաժեշտի պահն էր՝ ամուսնուն, քրոջ ամուսնուն, հորը, հորեղբորը, երբ չգիտեր՝ կրին կտեսնի՞ նրանց, թե դա վերջին անգամն է։

«Մեծ դժվարությամբ հասանք Երևան, իսկ ամենադժվարը 44 օր հարազատներիդ, ընկերներիդ մահվան բոթերը լսելն էր, իմանալը, որ հարազատ քեռիդ զոհվել է, նույն մեքենայի մեջ նաև մայրդ է, ով չգիտի, որ եղբայրը զոհվել է։ Մենք հորս հետ կապի մեջ էինք, բայց ոչ մեկս այդքան ուժ չունեինք մորս թեկուզ հեռախոսով ասել այդ մասին․․․Հայրս փորձում էր համոզել մորս, որ եղբայրը ծանր վիրավոր է, մայրս էլ իր հերթին իր մորն էր համոզում։ Հայրս ու մեծ քեռիս գիշերը՝ ռումբերի և անձրևի տարափի տակ հողին հանձնեցին Արսեն քեռուս մարմինը: Նույն գիշերը մորս և տատիկիս տարհանեցին Երևան։ Ճանապարհին միայն մայրս իմացավ կատարվածի մասին, իսկ տատս՝ այդպես էլ ամիսներ հետո հոգին ավանդեց՝ սպասելով իր հերոս Արսենին, ով 1992-ի ամենաթեժ կետերում էր կռիվ տվել իր հայրենի Քարին տակը թուրքից ազատել։ Դաժան էր ամեն օր տեսնել տատիս տառապանքները․ «Ես հունց խոխիս թողեցի եկա, պա վեր կյա տոն, տեսնա տանը չըմ, պա վեր խոխաս սոված մնա»։ Երբ պատերազմն ավարտվեց, տատս մինչև կյանքի վերջին օրը սպասում էր իր որդուն, ասում էր, որ իր Արսենը հաստատ մի տեղ թաքնված է, ուր որ է հետ է գալու։ Նույնիսկ չէինք փորձում ասել, որ այլևս իր Քարին տակի տունը չկա, որովհետև նրա պատկերացմամբ՝ Արսենը իրեն Քարին տակի իր տանն էր սպասում, գուցե նեղացած, որ ինքը թողել ու եկել է Երևան․․․»:

Նարինեն պատմելու շատ բան ունի, որն իր խոսքով՝ ոչ թե մեկ նյութի, այլև՝ մեկ վեպի թեմա է։ Նույնիսկ հիմա է սարսուռով վերհիշում այդ օրերի մղձավանջը.

«Ամուսնուցս ու հորիցս տևական ժամանակ լուր չունեի։ Ամե օր երեխայիս գրկած գնում էի եկեղեցի, ծնկաչոք աղոթում, որ գոնե նրանցից մի լուր ունենանք։ Ու լսում եմ այդքան սպասված զանգը՝ Հարութիցս՝ ես ողջ եմ։ Պարզվում է, որ երբ պայթեցվել է խրամատը, 20 հոգուց ողջ են մնացել 6-ը՝ որոնց թվում է ամուսինս ու նրա եղբայրը․․․ պատերազմը վերջացավ, մենք կրկին վերադարձանք Արցախ․․․ Ցավոք, մեզ ոչ թե ողջունեց «Ազատ Արցախը», այլ ՝ «մեր անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահները», ովքեր մեր «անվտանգությունն ապահովելով էլ» երեք տարի հետո տնավեր դարձրին․․․»: 

  • Կիսվել: